Այսօր վերջնականապես հաստատվել է, որ ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռուհանին առաջադրելու է իր թեկնածությունը այս տարվա մայիսի 19-ին նշանակված նախագահական ընտրություններում:
Ռուհանին այս պահի դրությամբ ունի ընտրվելու մեծ շանսեր, եթե հաշվի առնենք, որ նրա ենթադրելի հիմնական մրցակիցը՝ ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չկարողացավ համաձայնության գալ Իրանի հոգևոր առաջնորդի հետ, և վերջինս բառացիորեն արգելեց Ահմադինեժադին մասնակցել ընտրություններին: Բացի այդ՝ այս պահին չեն ուրվագծվում այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կարող են լուրջ մրցակից լինել Հասան Ռուհանիի համար, իսկ քաղաքական հիմնական թևերը չեն կարողանում առայժմ հստակեցնել իրենց դիրքորոշումները: Բացառություն են թերևս բարենորոգիչները, որոնք այս ընթացքում քանիցս խոսել են կրկին Ռուհանիին պաշտպանելու մասին:
Մի քանի առումով, այնուամենայնիվ, Ռուհանիի դիրքերը թույլ են: Դրանք են՝
- Մահացավ նրա ամենահզոր կողմնակիցներից Հաշեմի Ռաֆսանջանին։
- Հիվանդանոցում է այս պահին մյուս հզոր աջակիցներից Նաթեղ Նուրին:
- Որպես Ռուհանիի կառավարության հիմնական ձեռքբերում ներկայացված և գովազդված միջուկային համաձայնությունը վտանգված է:
- Շոշափելի փոփոխություններ երկրի տնտեսության և մարդկանց սոցիալական դրության մեջ տեղի չեն ունեցել:
- Բնապահպանական որոշ մեգախնդիրներ ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են խորացել:
Արդյոք կօգտագործվե՞ն նշված և առկա այլ խնդիրները Ռուհանիի ապագա մրցակիցների կողմից, ցույց կտան առաջիկա ամիսները:
Արտյոմ Տոնոյան