Թրամփը սկսել է իրավաքաղաքական որոշակի ճնշումներ բանեցնել Իրանի նկատմամբ. Սա ինչ-որ տեղ փորձ է ստուգելու կամ գնահատելու Իրանի ղեկավարության հնարավոր արձագանքները. Այս կերպ Թրամփի վարչակազմը հստակեցնում է, թե ինչ ձևաչափով կընթանան ԱՄՆ-Իրան առաջիկա հարաբերությունները.
Մյուս կողմից, Իրանը մայիսին նախապատրաստվում է նախագահական ընտրություններին, և այս համատեքստում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունում հնարավոր կտրուկ տեղաշարժերը անթույլատրելի են իշխող վերնախավի համար. Չպետք է բացառել այն սցենարը, որի համաձայն Իրանի նկատմամբ ճնշումների բանեցմամբ Վաշինգտոնը ձգտում է ազդել ընտրությունների ընթացքի վրա և դրանով թուլացնել իրանական կողմի դիրքերը երկկողմ հարաբերություններում.
Իրանական կողմն իր հերթին ամերիկյան ճնշումների հակակշռման, երկրում նախընտրական պայքարի ու ընտրությունների անցկացման գործընթացի կայունության ապահովագրման տեսանկյունից կարևորում է Ռուսաստանի դերը. Վերը նշվածի հաստատումն էր այն, որ Իրանն ու Ռուսաստանը որոշակիացնում են մարտի վերջերին դեպի ՌԴ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի նախատեսվող այցելությունը. Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը մասամբ պայմանավորված կլինի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ընթացքից, որն առավել առարկայական կդրսևորվի առաջիկայում.
Կարեն Վերանյան