Հունվարի 25-ին Իրան է այցելել Քուվեյթի ԱԳ նախարար շայիխ Սաբահ Խալիդ ալ-Սաբահը և հանդիպել ԻԻՀ իր գործընկերոջ՝ Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Թեհրանում անցկացված բանակցություններից բացի, քուվեյթցի դիվանագետն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին է փոխանցել երկխոսություն սկսելու վերաբերյալ հատուկ ուղերձ, ինչը նշանակում է, որ Քուվեյթը որոշակի միջնորդական դերակատարություն է ստանձնում ոչ միայն երկու երկրների, այլև՝ ընդհանրապես Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ արաբական երկրների ու Իրանի միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացում:

 


ԻԻՀ և Պարսից ծոցի արաբական երկրների հարաբերությունները սրվել են հատկապես անցյալ 6 տարիների ընթացքում՝ «արաբական գարնան» շղթայում հայտնված Սիրիայում, Եմենում, Բահրեյնում, Լիբանանում, ապա նաև՝ Իրաքում շիայական Իրանի և, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սուննիական արաբական երկրների միջև եղած իրարամերժ շահերի ու մերձավորարևելյան հակամարտություններում հակադիր ճամբարներին ցուցաբերած աջակցության համատեքստում: Հատկապես Թեհրանի և ալ-Ռիադի միջև դիմակայությունն առավելապես խորացավ 2016թ. հունվարին՝ սաուդյան իշխանությունների կողմից շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետո, ինչի հետևանքով երկրում ծագած բողոքի գործողություններում Սաուդյան Արաբիան մեղադրեց Իրանին՝ խզելով վերջինի հետ դիվանագիտական հարաբերությունները:

 


Մինչդեռ 2016թ. հոկտեմբերին Լիբանանում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որի արդյունքում շուրջ 2,5 տարի առանց նախագահի մնացած այդ երկրում նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կայացած անուղղակի համաձայնության արդյունքում հնարավոր եղավ նոր նախագահ ընտրել, դրան հավելած՝ եմենական և սիրիական հակամարտություններում Սաուդյան Արաբիայի հովանավորած դերակատարների անհաջողությունները, թագավորությունում առաջացած տնտեսական լուրջ հիմնախնդիրները, կարծես թե, ոխերիմ հակառակորդի հետ հարաբերությունները կարգավորելու, տարաբնույթ հակամարտային իրավիճակներում նախկին դիրքորոշումը վերաձևակերպելու և անուղղակի դիմակայությունից հրաժարվելու խնդիր են առաջացրել Ալ-Ռիադի համար:

 


Վերոնշյալի համատեքստում, կասկածից վեր է, որ Քուվեյթի կողմից հարաբերությունների վերանայման գործընթացը պարզապես չէր կարող նախաձեռնվել, առանց Սաուդյան Արաբիայի հավանության: Ուստի հատկապես սիրիական հակամարտության շրջանակներում տեղ գտած վերջին զարգացումներն՝ ընդդիմադիր խմբավորումների նկատմամբ կառավարական ուժերի տարած ծանրակշիռ հաղթանակները, Ռուսաստան-Իրան-Թուրքիա քաղաքական և ռազմական ձևաչափի արդյունավետ գործարկումն, ինչպես նաև՝ Սաուդյան Արաբիայի դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ի նոր վարչակարգի մոտեցումները նույն հիմնախնդրի հարցում, ստիպում են ալ-Ռիադին՝ որոշակի քայլեր նախաձեռնել և երբեմնի ախոյանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ հարթակ ձևավորել՝ տարածաշրջանային զարգացումներից հետ չմնալու և ակնհայտ պարտված դերակատարի դիրքում չհայտնվելու առումով:

 

Արմեն Պետրոսյան