Ինչպես հայտնի է, ընթացիկ շաբաթվա սկզբին Աստանայում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև կայացած հանդիպումից հետո, որի շրջանակներում սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապված շոշափելի արդյունք այդպես էլ չարձանագրվեց, ռուսական կողմն ընդդիմության պատվիրակությանն է տրամադրել Սիրիայի նոր սահմանադրության սեփական տարբերակը: Հղում կատարելով հակակառավարական տարբեր խմբավորումների ներկայացուցիչներին՝ մի շարք լրատվամիջոցներ որոշակի տեղեկատվություն են հրապարակել ապագա Սիրիայի մայր օրենքի ռուսական տարբերակի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ հետհակամարտային Սիրիան շարունակելու է հանդիսանալ ունիտար պետություն, թեպետ նշվում է նաև, որ փաստաթղթում առաջարկվում է ինքնավարություն շնորհել քրդերին: Սահմանադրության տարբերակում ընդգծվում է նաև Սիրիայի մյուս շրջանների իրավունքն՝ ընտրելու սեփական լեզուն՝որպես հիմական շրջանային լեզու:
Սիրիայի գլխավոր օրենքի ռուսական տարբերակում նախագահի պաշտոնավարման համար սահմանվում է 7 տարի ժամկետը, բայց առանց վերընտրման իրավունքի: Բացառվում է նաև այն դրույթը, թե նախագահը պետք է բացառապես մահմեդական լինի:
Առաջարկվում է փոխել նաև երկրի անվանումը. նախկին Սիրիայի Արաբական Հանրապետության փոխարեն՝ Սիրիայի Հանրապետություն: Բացառվում է նաև այն դրույթը, թե երկրի իրավական համակարգի հիմքը պետք է կազմեն շարիաթի(իսլամական իրավունք) նորմերը:
Ինչ խոսք, Սիրիայի նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումները դեռ երկար կծավալվեն, և անուշտ, հիմնախնդրի քաղաքական կարգավորման շրջափուլում ականատես կլինենք տարատեսակ այլ փաստթղթերի, մինչդեռ կարևոր է հենց սահամանադրության տարբերակի հեղինակման իրողությունը, ինչը ցույց է տալիս, որ Մոսկվան, ռազմականից բացի, լուրջ ջանքեր է գործադրում նաև ոչ միայն տարաբնույթ քաղաքական ձևաչափերի կազմակերպման, այլև դրանց ընթացքի և բանակցությունների թեմատիկայի մշակման ուղղությամբ:
Արմեն Պետրոսյան