Այս տարվա խորհրդարանական ընտրություններն իրենց ֆորմատով և բովանդակությամբ առանձնանում են մյուս ընտրություններից, քանզի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները օր առաջ հակազդեցության ենթարկելու խնդիր կա: Այն աստիճան էր արժեզրկվել ամեն ինչ դաշտում, որ հանրությունն էր ոտքի ելել՝ խնդրելու և հորդորելու Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն:

 

Մինչև վերջին պահն էլ բոլորը շունչները պահած սպասում էին Ծառուկյանի հայտարարությանը, քանզի դաշտում վերադասավորումները պայմանավորված են հենց այդ հայտարարության կոնտեքստից: Գագիկ Ծառուկյանը, տարիներ շարունակ քաղաքական դաշտում գտնվելով հանդերձ, քաջ գիտակցում է իր անձով պայմանավորված այն կարևորության աստիճանը, որը պետք է ծառայի երկրի և ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նույն այդ հայրենասիրական մղումներից դրդված կայացրեց իր համար չափազանց ծանր, սակայն արժանավայել և ազգապահպան որոշումը, բոլորին էլ պարզ դարձավ, որ ներքաղաքական կյանքում ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու:

 

Այդպես էլ եղավ, արդյունքը առավել քան տեսանելի է և այն անորոշ, անելանելի իրավիճակը դաշտում, որ տիրում էր նախքան Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, երկիրը տանելու էր դեպի անդունդը: Իսկական հայրենասերին հատուկ արժեհամակարգ է պետք ունենալ, որպեսզի այս ամենը տեսնելով, սրտացավություն ապրել և այն քաղաքական էջը, որը փակվել էր՝ հնարավոր արյունահեղությունից խուսափելու համար, կրկին բացել: Հասարակական տրամադրությունները ստուգելու կարիք էլ չկա այս կապակցությամբ, քանզի Գագիկ Ծառուկյանը նաև ականջալուր է եղել ձևավորված այն հանրային պահանջին, որը վերջին շրջանում աննախադեպ կերպով արտահայտվեց:

 


Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը բացասական կերպով կարող է ընդունվել միայն այն ուժերի կողմից, ովքեր Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունում չլինելու դեպքում, գուցե հնարավորություն ունենային խցկվել խորհրդարան:
Ծառուկյանի վերադարձը այս տեսանկյունից հանրությանը կողմնորոշվելու ուղղություն տվեց, քանզի անգամ քաղաքականության մեջ չգտվելու ընթացքում Ծառուկյանը ապացուցեց, որ նա միշտ գործել է անձնվիրաբար, առանց այլ մտքերի:

 

Այս ենթատեքստում Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին հայտարարությունը նոր քաղաքական մշակույթի հիմնաքար է, որը նպաստելու է նոր ձևավորվելիք քաղաքական կոնսենսուսի ստեղծմանը. կոնսենսուս, որը ենթադրելու է մեկ ընդհանուր, ազգային գաղափար, որի շուրջ համախմբվածները իրական մտահոգ քաղաքացիներ են, ովքեր ունեն ցանկություն և ներուժ՝ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:

 

Սարգիս Հարությունյան