Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ, բայց նախքան ամուսնությունը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց: Հովսեփը՝ նրա նշանածը, որ արդար մարդ էր, չուզեց հանրության առջև խայտառակել նրան, այլ մտածեց լռելյայն հետ վերցնել նշանը: Մինչ նա մտածում էր այս մասին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց.
- Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր ամուսնանալու նշանածիդ՝ Մարիամի հետ, որովհետև նրա մեջ հղացվածը Սուրբ Հոգուց է: Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից:
Այս բոլորը պատահեց, որպեսզի կատարվի այն, ինչ Տերն ասել էր Եսայի մարգարեի միջոցով. «Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն ԷՄՄԱՆՈՒԵԼ», որ նշանակում է՝ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ:
Երբ Հովսեփն արթնացավ, կատարեց այն, ինչ որ Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և ամուսնացավ իր նշանածի՝ Մարիամի հետ, բայց չհարաբերվեց նրա հետ, մինչև որ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց:
(Մատթեոսի ավետարան 1:18-25)
Ռուբեն վարդապետ Զարգարյան