Վերջին օրերին ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի»(ՍԱԲ) զինյալները, թուրքական օդուժի և ցամաքային որոշ ստորաբաժանումների աջակցությամբ, դարձյալ վերսկսել են ակտիվ ռազմագործողությունը Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող, «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաքի դեմ:
Չնայած նախնական որոշակի առաջխաղացմանն, այնուամենայնիվ, հարձակվող կողմին չի հաջողվում վերջնականապես գրավել քաղաքն. ավելին, կրելով մարդկային և տեխնիկական զգալի կորուստներ, նրանք նահանջում են: Այսպես, միայն վերջին երկու օրերի ընթացքում, տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ սպանվել է շուրջ 2 տասնյակ թուրք զինծառայող, մոտ 4 տասնյակը վիրավորվել, սպանվել են նաև 5 տասնյակ ՍԱԲ-ի զինյալներ, շարքից դուրս է եկել մի քանի միավոր զրահատեխնիկա, իսլամականների վերահսկողության տակ է անցել 2 Leopard տեսակի տանկ. ԻՊ-ի հաջողության ամենաառանցքային գրվականը մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող անակնկալ հարձակումների մարտավարությունն է:
Ալ-Բաբի շուրջ ընթացող մարտերը հերթկան ապացույցն են այն իրողության, որ սիրիաական մարտադաշտում ծավալվող ռազմակործողություններն իրենց բնույթով բավական բարդ են, և որևէ դերակատար, անգամ կանոնավոր ստորաբաժանում, կամ հատուկ նշանակության զորամիավորում, ցամաքային գործողություններում չի կարող անկորուստ, կամ գոնե աննկատ կորուստներով լուրջ ռազմավարական հաջողություններ արձանագրել:
Ինչ խոսք, կասկածից վեր է, որ թուրքական ԶՈՒ աջակցությամբ սիրիական ընդդիմադիրներին ի վերջո հաջողվելու է գրավել ալ-Բաբն, ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ գնով:
Արմեն Պետրոսյան