Ադրբեջանում Իսրայելի ակտիվացումը տեղի է ունենում Իրանի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ երկրում ակտիվանում է նախընտրական քաղաքական պայքարը. 2017թ. մայիսին Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները էական նշանակություն ունեն առաջին հերթին Իրան-ԱՄՆ հարաբերությունների տեսանկյունից. Ընտրությունների արդյունքում Իրանին կհաջողվի արդյոք զարգացնել ու ամրապնդել Արևմուտքի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները, թե հաղթանակ կտանի երկրի ղեկավարության պահպանողական թևը' ի դեմս Ահմադինեժադի, ով վերջին շրջանում բավական ակտիվ նախընտրական գործունեություն է ծավալում.

 


Այս տեսանկյունից չպետք է բացառել, որ Ադրբեջանում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման հարցերի շուրջ իսրայելա-ադրբեջանական վերջին պայմանավորվածությունները' այդ թվում և համապատասխան անվտանգության սարքավորումների տեղակայման վերաբերյալ համաձայնությունը, խոսում են իսրայելական կողմից Իրանի նախագահական ընտրություններին միջամտման ու դրանց վերջնական արդյունքների ուղղությամբ ազդեցություն գործելու մտադրության մասին. Իսրայելի համար սա շատ կարևոր նշանակություն ունի մերձավորարևելյան ու մասնավորապես սիրիական ճգնաժամի համատեքստում, որտեղ Իրանի կողմից զգալի աջակցություն ստացող ասադական ուժերը ձեռք են բերել որոշակի ստրատեգիական առավելություններ ԻՊ-ի նկատմամբ.

 


Նշենք նաև, որ Իրանը տիրապետում է քաղաքական, պաշտպանական-լոգիստիկ հսկայական ռեսուրսների' իր ուղղությամբ նետված մարտահրավերներին համարժեք արձագանքման համար. Այս առումով հստակեցնենք, որ Իրան-Իսրայել շահերի առճակատման կիզակետում է հայտնվել Ադրբեջանը, որի արտաքին քաղաքական հիմնական վեկտորները զգալիորեն կաղապարվեցին Նեթանյահուի այցով, և էապես նվազեց Ալիևի մանևրելու հնարավոր սանդղակը.

 

Կարեն Վերանյան