Օրերից մի օր հարցե ՞ լ եք ինքնեդ Ձեզ, թե ինչ է կյանքը, ապրելու բերկրանքն ու ձգտումը: Խոսքը վերաբերվում է բոլոր ընկերներիս ու ծանոթներիս:
Ամեն առավոտ բացում ես աչքերդ ու հասկանում, որ կյանքդ' անցյալդ, ներկադ,ապագադ, ամբողջությամբ ջնջվել է: Բարձի տակից վեցնում ես հեռախոսը, բայց չկա էն միակը, ում ամեն առավոտ'4 տարի շարունակ զանգել ես ու բարի լույս մաղթել:
Շրջվում ես աջ, ու մի հսկայական պատմություն աչքիդ առաջ է հայտնվում(այո', սիրում էի ամեն ամիս մեր փոքրիկ պատմությունից 2-3 նկար ավելացնլ անկողնուս կողքի պատին փակցված մեր նկարներին, հավատացեք'4 տարում բավականին շատ նկարներ են ավելացել):
Մի կերպ քեզ ստիպում ես դուրս գալ անկողնուց, դեմքիդ կեղծ ժպիտ նկարում, որ օրվա ընթացքում ուժ տաս բոլոր նրանց, ով իսկապես քո կարիքն է զգում, ու դուրս ես գալիս տանից: Քայլուս ես արագ, բայց անվստահ, խուսափում մարդկանց հայացքներից, մի կերպ, շրթունքներդ իրար սեղմելով, զսպում լացդ, որ փողոցի մեջտեղում չկանգնես ու ամբողջ ուժով չգոռաս անօգնությունից:
Երբ ամեն րոպե զգում ես նրա ներկայությունը, շրջվում ես, բայց ոչ ոք չկա, երբ զգում ես, որ թիկունքիդ ամուր հենարանը վերացել է, երբ չկա էն միակը, ով կլուծեր բոլոր խնդիրները, մի ժպիտով կդարձներ քեզ աշխարհի ամենաերջանիկը և մի խոսքով'ամենասիրվածը:
Մտածում եք արդյոք կյանքի մասին, երբ կեղծ օրվանից հետո մտնում եք անկողին, փակում աչքերը, իսկ աչքեիդ առաջ հայտնվում են բոլոր պահերը միասին անցկացրած, որ էլ երբեք, ԵՐԲԵՔ չեն կրկնվի:
Կարծում եմ, մեզանից և ոչ մեկը օրվա ավարտին շնորհակալություն չի հայտնում Աստծուն'իր ապրած ևս մեկ օրվա համար: Մեզանից և ոչ ոք չի զանգում իր սիրած կամ հարազատ մարդդուն, ու չի ասում, թե որքան շատ է սիրում նրան, որ շնորհակալ է նման պարգևի համար, որ ուղղակի շնորհակալ է' ապրելու համար:
Բայց չէ որ կյանքն այնքան կարճ է ու մի ակնթարթում կարող է ավարտվել: Դժվար է, հավատացեք, զգալ, որ դու չունես կյանքից կառչելու և ոչ մի հենարան, բայց շարունակում ես ապրել: Ես կարծես գտել եմ ելքը, ապրել երկուսիս փոխարեն, ապրել ու հասկանալ, որ ես եղել եմ մեկի համար ՆԱ, ով կյանքից էլ առավել է եղել, ՆԱ, ում համար 4 տարի շարունակ ապրել են,ՆԱ, ում անմնացորդ նվիրվել ու սիրել են, ՆԱ, ում վստահել են տարիներ, իր փոխաեն ապրելու համար: Արդյոք մտածել եք'ինչ կլինի, եթե մի օր գլխիվայր շրջվի կյանքը:
Ծանոթներիցս մեկը օրեր առաջ ասեց, ՆԱ ԿԱՊՐԻ ԱՅՆՔԱՆ' ՈՐՔԱՆ ՀԻՇԵՍ ՈՒ ՍԻՐԵՍ ՆՐԱՆ:
Ուրեմն անկասկած նա կապրի այնքան,մինչև էլ ես չեմ լինի:
P.S. Եթե անկեղծ, մինչ օրս համարձակությունս չէր բավարարում գրել անգամ մի տող, բայց ամեն օր անծանոթ մարդկանցից ստանալով խոսքեր, որ անգամ ծանոթներս չասեցին, հասկացա, որ իմ Լևոնին ամբողջ Հայաստանը և Հայաստանից դուրս ճանաչեցին և ափսոսացին: Բոլորն անխտիր հասցրեցին սիրել'չճանաչելով իրեն: Շնորհակալ եմ, որ դեռ շարունակում եք գրել ու գրել: Գիտեմ'շատերին չեմ արձագանքել,հուսալով, որ հասկանում եք ամեն բան, բայց հավատացեք, շնորհակալ եմ անչափ: Ֆեյսբուքը ցավոք դարձել է մի հարթակ, որտեղ մարդիկ սկսել եմ ԱՊՐԵլ և ես իմ “պարտքը” համարեցի նման կերպ տալ այն բոլոր հարցերի պատասխանը, որ անվերջ տալիս եք: Շնորհակալ եմ Լևոնիս հիշելու համար: