Հոկտեմբերի 20-ին թուրքական օդուժի կողմից Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում հատուկ թիրախային գործողություն է իրականացվել մեծամասամբ քրդական խմբավորումներից կազմված սիրիական ընդդիմադիր «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կառույցի դիրքերին, ինչի հետևանքով, ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, զոհվել են շուրջ 200 քուրդ զինյալներ. քրդական կողմն էլ իր հերթին հայտարարել է 12 խաղաղ բնակիչների կորստի մասին:


Թուրքական օդուժի այս գործողությունն, առնվազն դատելով դրա դեմ հնչած արձագանքներից, անհերքելիորեն կարելի է դիտարկել նաև Անկարայի կողմից օգոստոսի 24-ից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության վերաբերյալ լատենտային պայմանավորվածությունների խախտում: Ասել է թե, Թուրքիան հերթական անգամ փորձում է շրջանցել հակաահաբեկչական պայքարի շրջանակներում իրեն արտոնված իրավունքներն ու սահմանագծերը, որոնք ի սկզբանե լռելյայն կամ գուցե ոչ հրապարակային կերպով ճանաչվել են նաև սիրիական հակամարտության այլ արտաքին և ներսիրիական դերակատարների կողմից:


Թերևս վերոնշյալի յուրօրինակ հավաստում է նախ Սիրիայի ԶՈՒ հրամանատարության բավական կտրուկ արձագանքն առ այն, որ հաջորդ անգամ թուրքական ռազմական օդանավերի կողմից ՍԱՀ օդային տարածքը խախտելու դեպքում, դրանք կխոցվեն: Մինչդեռ շատ ավելի առարկայական է թեմայի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունն, ըստ որի՝ նմանանատիպ խախտման կրկնության դեպքում թուրքական ինքնաթիռները կխոցվեն բոլոր հնարավոր միջոցներով(բովանդակային մասով՝ բոլոր հնարավոր միջոցների շարքում, անշուշտ, կարելի է ներառել նաև Սիրիայում գործող ռուսական օդատիեզերական ուժերի ստորաբաժանումները). այս հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան Թուրքիային ուղղված պաշտոնական նախազգուշացում արդեն Մոսկվայի կողմից:


Ինչ խոսք, կասկածից վեր է, որ Սիրիայի հյուսիսում ծավալվող գործընթացներում, հատկապես օգտվելով գերտերությունների միջև առկա սկզբունքային տարաձայնություններից, անգամ լարվածությունից, Թուրքիան փորձում է սեփական խաղը խաղալ՝ ակնհայտորեն ընդլայնելով սեփական հավակնությունների շրջանակը:

 

Մինչդեռ այս գործընթացի համատեքստում առավել կարևոր է հենց պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, քանի որ նույն Սիրիայի տարածքում ընդամենը մեկ տարի առաջ թուրքական սադրանքի հետևանքով սրված ռուս-թուրքական հարաբերությունները դեռևս ամբողջովին չեն էլ կարգավորվել, և պաշտոնական Անկարայի կողմից նման հանդուգն գործողություններն առնվազն լրջագույն ազդակ պետք է հանդիսանան ՌԴ իշխանական վերնախավի համար՝ Թուրքիայում գործող վարչակարգի հանդեպ վստահության չափման հարցում:


Վերոնշյալի համատեքստում ամենաուշագրավը, թերևս, այն է, թե ինչպես իրենց կդրսևորեն հետագայում նմանատիպ միջադեպերի կրկնության պարագայում սիրիական զինված ուժերն, որոնց որևէ արձագանք, անշուշտ, համաձայնեցված կլինի Ռուսաստանի հետ, կամ գուցե իրականացվի հենց Մոսկվայի դրդմամբ: Համեմատական առումով, սիրիական հակամարտության անցյալ 5 տարիների ընթացքում Իսրայելի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ շուրջ 2 տասնյակ հատուկ գործողություններ է իրականացրել Սիրիայի տարածքում, որոնց պաշտոնական Դամասկոսը պատասխանել է ընդամենը նախազգուշացումների և սպառնալից հայտարարությունների տեսքով: Գուցե Թուրքիայի պարագայում ևս Սիրիայի հակահարվածը սահմանափակվի հռետորաբանության հարթության մեջ, սակայն այս դեպքում, ի տարբերություն Իսրայելի, խնդիրը գտնվում է նաև Մոսկվայի սկզբունքայնության տիրույթում:

 

Արմեն Պետրոսյան