Կրթությունը մեր երկրում չի դիտարկվում որպես հանրային գերակա շահ, և շատ իզուր:
Բացի պետությանը անհրաժեշտ մի քանի մասնագիտություններից և հմտություններից, մնացածները թողնված են հանրության ընտրության և ճաշակի հույսին:


Դպրոցը, որը հանրային պարտադիր կրթության գլխավոր և միակ օջախն է, ըստ էության ոչինչ չի տալիս աշակերտներից շատերին, ինչն ակնհայտ երևում է, երբ նրանք դառնում են ուսանող:


ՄԵր երկրի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները արդեն ոչ թե տարօրինակ են, այլ՝ ծիծաղ են առաջացնում: Եթե մենք բուհերում պետք է լրացնենք դպրոցի բացերը, լեզու սովորեցնենք, մտածել սովորեցնենք, սովորել սովորեցնենք, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի ոչ թե դպրոցը երկարացնել 2 տարով, այլ՝ բուհերը:


Եթե դպրոցն իր գործը չի անում, ինչու՞ է երկարացվում այդ գործը չանելը, գրողը տանի, թող երեխաներն ավելի շուտ՝ 14 տարեկանից գան համալսարան, մի գուցե բուհերն այդ դեպքում կհասցնեն ինչ-որ բան անել երեխաների դեռ ամբողջությամբ չաղավաղված մտածողության և արժեհամակարգի հետ:

 

Մովսես Դեմիրճյան