Ուղիղ 95 տարի առաջ` 1921 թվականի հոկտեմբերի 13-ին թուրք անջատողական խմբավորման (քեմալականների) կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության անբաժան մասը կազմող Կարսում կնքվեց Հայաստանի համար փաստացի կապիտուլիացիոն Կարսի պայմանագիրը, որը գրեթե նույնությամբ կրկնում էր 1921-ի մարտի 16-ին Սովետական Ռուսաստանի և թուրք անջատողականների (քեմալականների) միջև Մոսկվայում կնքված հակահայկական պայմանագրի դրույթները:

 

Հայկական կողմը Կարսում ներկայացնում էին Հայաստանում ռուսական դրածո կառավարության անդամներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը: Կարսի պայմանագիրն անօրինական ու անվավեր էր հենց կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ։

 

Հայաստանի առաջին Հանրապետության օկուպացումով և այդ երկու չարաբաստիկ պայմանագրերով Հայաստանը կորցրեց ամեն ինչ՝ պատմական զգալի տարածքներ, անկախ գոյատևելու և բնականոն զարգանալու իր իրավունքը, և գումարած դրան՝ խաղաղ բնակչության անդառնալի ծանր կորուստները:

 

 

Ռուբեն Շուխյան