«Ոչ մի թիզ հող» սկզբունքը աքսիոմատիկ ճշմարտություն է աշխարհի բոլոր երկրների համար, բացի Հայատաննից: Ոչ մի երկիր նման հարց չի քննարկում: Առանց պատերազմի հող հանձնելը երբեք քննարկման առարկա չէ՝ ոչ մի թիզ հող չեն տալիս ոչ ոքի և ոչ մի պատճառով, նույնիսկ «դաշնակիցների» համոզելով կամ սպառնալիքով, ինչ էլ որ դրա անունը դնենք: Ուրիշի մի թիզ հողն ուզելը նշանակում է պատերազմ: Հող վերցնելու կամ հանձնելու այլ ձև չկա և չի եղել:


Իսկ Հայաստանում մենք քննարկում ենք, վիճում, փորձում համոզել հող կարելի է տալ թե չտալ, էլ չասենք որ դրա դիմաց առաջարկվում են հեղհեղուկ և անարժեք «փոխզիջումներ»: Ամոթ է վերջապես, ինչու՞ համաշխարհային պատմությունից, մեր իսկ սեփական պատմությունից չենք սովորում: Մեր քաղաքական վերնախավ կոչեցյալը ինչու՞ է մեզ քսան տարի շարունակ խճճում անտրամաբանական, քաղաքականապես անգրագետ բանակցային պրոցեսների մեջ, որի արդյունքում ստացվում է, որ մեր ունեցածը մերը չէ, չգիտես թե ինչու:


Աղդամի ու Երևանի մեջ տարբերությունը ո՞րն է: Երկուսն էլ մերն են: Աշխարհի դրվածքը այդպես է, որ հողը որ վերցնում ես դա դառնում է քո հայրենիքը: Աստված սահմաններ չի գծել և ազգերին տեղադրել ամենքին իր սահմանների մեջ: Աշխարհի քարտեզները ձևավորվել են ջունգլիների օրենքի համաձայն: Հիմա սա լավ է թե վատ է կարելի է փիլիսոփայել և բարոյական գնահատականներ տալ, բայց որ սա է իրողությունը ոչ ոք չի կարող ժխտել:


Միջազգային հանրություն ասվածը դա պատրանք է, չկա այդպիսի բան: Մի քանի տերություններ իրենց շահերն են հետապնդում, և դրա անունը դնում են «միջազգային հանրության ցանկություն»: Ապուշ են նրանք որոնք դա չեն հասկանում, և հանցագործ են նրանք որ սա չհասկանալով երկիր են ղեկավարում և առուծախ անում փակ դռների ետևում:


Գոյություն ունեն շատ սակավաթիվ խնդիրներ, որտեղ կարող է իսկապես լինել միջազգային հանրային կարծիք է: Օրինակ՝ Իսլամական Պետության գլխատումները քաղաքակիրթ աշխարհի կողմից դիտարկվում են միանշանակ որպես բարբարոսություն, և դա կարելի է ընդունել որպես միջազգային հանրության կարծիք, չնայած նույնիսկ այս դեպքում կան բացառություններ: Եվ նման շատ քիչ հարցեր կարելի է գտնել, որտեղ կա քիչ թե շատ միատեսակ միջազգային հանրային վերաբերմունք, ցանկություն, պահանջ: Իսկ ինչ վերաբերվում է Աղդամի պատկանելությունը, նախ և առաջ չկա նույնիսկ միջազգային հանրային տեղեկացվածություն և հետաքրքրություն: Բնականաբար չի կարող լինել միանշանակ կարծիք կամ պահանջ: Աղդամը վերցրե՞լ ես, կարողանու՞մ ես պահել՝ ուրեմն քոնն է: Որոշ տերությունների կողմից կլինեն տարբեր շահարկումներ և ճնշումներ, կարողացիր դիմադրել, և վերջ: Վերջնական արդյունքը որոշվում է Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերակցությամբ՝ ռազմական, տնտեսական և դիվանագիտական:

 

Սասուն Քոսյան