Տավուշում ու սահմանին խաղաղ ու հանգիստ գիշեր է։ Մայրս ասում է, որ երեկ են ինչ-որ կրակոցներ եղել Ջողազի ուղղությամբ։ Համենայն դեպս այդպես են նրան պատմել։ Ուղիղ երկու տարի առաջ՝ 2014-ին, այս օրերին լարվածությունը այս հատվածում գագաթնակետին էր հասել ու մեկ կայծից կարող էր բռնկվել մեծ հրդեհը։

 

Օգոստոսի 3-ին առավոտյան բոլորս քնից արթացանք մեր թաղամասի ու Բաղանիսի վրա հակառակորդի բացած այլանդակ կրակահերթերից։ Այդպիսի ձայնային աղմուկ միայն կինոնկարներում կլսես։ Մեր տանից մի քանի հարյուր մետր ներքև հրաշքով զոհեր չեղան տներում, որոնք թիրախի տակ էին հայտնվել։

 

Հաջորդող օրերին թաղի այդ հատվածը իրենց տներում չէր գիշերում։ Երանի այդ ամենը միայն հիշողություն մնա ու մեր բոլոր սահմաններում։ Դիրքում կանգնած մեր հերոս զինվորներին էլ խաղաղ ու անշառ գիշերներ։ Տղերք, մեր խաղաղության համար ձեզ ենք պարտական, դուք մեր երկրում ամենամեծ ու լուրջ գործն եք անում։

 

Ստյոպա Սաֆարյան