Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել էր վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Հատկանշական էր Իսագուլյանի՝ Ալեք Ենիգոմշյանի անցյալից ներկայացրած պատմությունը.


«1980 թվականին Ժնևում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին նախապատրաստել են ահաբեկչական ակտ, ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքերում, որովհետև սխալ է միացրել: Լավ է՝ Սյուզին մյուս համարում է գտնվել: Ենիգոմշյանն այդ ժամանակ կորցրել է ձեռքը և տեսողությունը, բայց Սյուզին, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր կինն է, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին:
Նախ՝ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում:


Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ»:


Հարկ եմ համարում հիշեցնել, որ Իսագուլյանը ԿԳԲ-ի աշխատակից է եղել, իսկ սա կարծում եմ պատասխանում է այն հարցին, թե ինքը՝ Իսագուլյանը որտեղից է իմացել այս մանրամասները:

 

 Տիգրանուհի Դավթյան