Ասում են՝ անցյալ ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գաղտնի այցելել է Ռուսաստան և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. ՍԱՀ նախագահի այցի մասին տեղեկացվել է նաև իրանական կողմը:
Քննարկումների առանցքում են եղել սիրիական հիմնախնդրի կարգավորման հեռանկարները, հետպատերազմյան Սիրիայի վերականգնման խնդիրն, ինչպես նաև՝ ներկայում իսրայելական վերահսկողության ներքո գտնվող սիրիական Գոլանի բարձունքների ճակատագիրը՝ սիրիա-իսրայելական հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորության համատեքստում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինտոնի կողմից՝ դեռևս 1990-ականներին առաջարկված բանաձևի հիման վրա...
Ալ-Ասադի այցը Մոսկվա կայացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ հունիսի ամսվա առաջին օրերին ՌԴ մայրաքաղաք կատարած այցելությունից ընդամենն օրեր առաջ:
Եթե շրջանառվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանն, ապա չի բացառվում ՌԴ միջնորդությամբ սիրիա-իսրայելական գաղտնի շփումների հնարավորությունը՝ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում պաշտոնական Մոսկվայի կողմից երկու երկրների հետ ամենաբարձր մակարդակով հարաբերությունների ակտիվացման ֆոնին: Իսկ ինչ վերաբերում է Գոլանի բարձունքների ճակատագրին, ապա այս հարցում իսրայելական դիրքորոշումը բավական անզիջում է՝ հատկապես Սիրիայում ստեղծված հակամարտային իրավիճակի պայմաններում:
Արմեն Պետրոսյան