Մեր կյանքում տեղ գտած արատավոր ու բացասական երևույթների պատճառները շատ-շատ են, տարաբնույթ, տարատեսակ: Բայց իմ կարծիքով ամենակարևորը, հիմնականը դա մարդու, քաղաքացու ստացած դաստիարակությունը, գիտելիքներն են ընտանիքում, դպրոցում, ԲՈՒՀ-ում և կյանքում՝ շրջապատում առհասարակ:


Ընտանիքում դաստիարակությունը հիմնականում կերցնելն է, հագցնելը, իրենց հրաշքների կամայականությունները, պահանջները, ցանկությունները կատարելը՝ խաղալիքներ, բջջայիններ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, փալաս-փուլուս, զարդարանքներ, սխալ, ձևախեղված արժեքներով դաստիարակություն, ձևականություն՝ առանց հոգու, առանց բովանդակության, իմաստնության և բարձրագույն արժեքների:


Գրեթե նույնը դպրոցում, ԲՈՒՀ-ում…Միայն դասագրքային սխեմատիկ, մակերեսային գիտելիքների փոխանցում…Մանկավարժները, դասախոսներն էլ մեղք չունեն…Իրենք էլ են հիմնականում անցել այդ նույն ճանապարհը, ստացած աշատավարձն էլ մի բան չի, իրենք էլ են սովորել ոչ թե գիտելիքների, այլ դիպլոմի՝ թղթի կտոր ձեռք բերելու համար:


Ի՞նչ կոչում, ի՞նչ նվիրում, ի՞նչ պարտքի զգացում, հոգի, բովանդակություն, սրտացավություն…Փողը տվեք՝ գնահատականը ստացեք՝ դարձեք բժիշկ վտանգեք մարդկանց կյանքը, դարձեք դասախոս ու խոտան, չպահանջված <> տվեք, հայրիկի փողերով դարձեք իրավաբան, դարձեք քննիչ, դատավոր, դատախազ ու թքեք օրենքների, մարդկանց բախտի ու օրինականության վրա…
Մի խոսքով շուրջ բոլոր ձևականություն ու խաբկանք է, բոլոր բնագավառներում՝ մարդկային սովորական հարաբերություններից մինչև լուրջ, պաշտոնական, գիտական, քաղաքական-հասարակական հարաբերություններ…


Գաղափարներդ, գիտելիքներդ, փորձդ չի հերիքում՝ զենքդ հանիր ու կրակիր, աջ ու ձախ, ում կուզես,երբ կուզես, ինչպես կուզես, թքելով պետության հեղինակության, պետականության ու օրինականության վրա: Գրագիտությունդ չի հերիքում պատասխանես լրագրողի հարցերին՝ հայհոյիր, ջարդիր տեսախցիկները:
Արդեն խեղդվում ենք համազգային ստի, կեղծիքի, ձևականության, կեղծավորության, ցուցամոլության, ինքնասիրահարվածության, ինքնահաստատման ուղին բռնած, կոռուպցիայի մեջ թաղված, դիլետանտների, անկիրթների հոծ բանակի, անարժեքը արժևորած ձևամոլների ոհմակի շուրջկալի մեջ…Ու գրեթե բոլորս ենք այդպիսին, բոլորս ենք օգնում ու նպաստում այդ ամենին…


Ու ելքը, ուղին, ճանապարհը չեմ տեսնում…Թունելի վերջում լույսը չեմ տեսնում ցավոք սրտի…
Ստեղծածը, ձեռք բերածը, կառուցածը թալանելը, ջարդել փշրելը, այրելն է հեշտ՝ իհարկե պատճառաբանելով ազնիվ, գերազնիվ մղումներով ու պատճառներով…

 

 

Ռոբերտ Մելքոնյան