Նախօրեին Խորենացի փողոցում տեղի ունեցած ակցիան նախորդ օրվա հավաքից տարբերվեց. բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, իսկ ավելի կոնկրետ՝ ցուցարարների մի խմբի և ոստիկանների միջև:
Նկատենք, որ ակցիայի մասնակից մի խումբ մարդկանց տեսակետները չէին համընկնում ցուցարարների մեծամասնության դիրքորոշման հետ: Նիկոլ Փաշինյանը և ցուցարարների գերակշիռ մասը հակված էին ոստիկանության հետ խոսել և իրենց մտահոգող խնդրի պատասխանը ստանալ մեկ ժամից, բայց, Փաշինյանի հեռանալուց հետո, ակցիայի որոշ մասնակիցներ սկսեցին պահանջել, որ ոստիկանությունը անհապաղ պատասխան տա իրենց' սպառնալով, որ հակառակ դեպքում իրենք կհաղթահարեն ոստիկանական պատնեշը, առաջ կգնան և ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին սնունդ կհասցնեն: Այսպիսի հայտարարությունները հիմք ստեղծեցին, որ ոստիկանությունը գործողությունների անցնի:
Դեռ հարց է, թե ինչո՞ւ քաղաքացինեերից ոմանք տրվեցին էմոցիաներին: Այդ իրավիճակից օգտվեց մարդկանց մի խումբ, ովքեր պատրաստ էին սադրանքների: Արդյունքում իրադարձություները տարան նրան, որ շատ արագ բախում հրահրվի: Նրանք հարձակվեցին ոստիկանության վրա, շշեր և քարեր նետեցին ոստիկանական շղթայի ուղղությամբ:
Միանշանակ է, որ այս բախումը չէր բխում հավաքված մարդկանց շահերից, իսկ ոստիկանությունը որևէ քայլ չէր ձեռնարկի, եթե չլիներ իրենց վրա հարձակումը: Տեղի ունեցածը մի խումբ անհայտ ծագմամբ արկածախնդիրների նախաձեռնությունն էր, ովքեր հաջողեցին նաև ցուցարարների շրջանում ներքին վիճաբանություններ հրահրելու հարցում:
Նարեկ Պողոսյան