Հարավային Կովկասն իր ազդեցության տակ պահելը Ռուսաստանի համար ոչ միայն ազգային անվտանգության խնդիր է, այլև տարածքային ամբողջականության հարց և դա հասկանալու համար պետք է ընդամենը ուշադիր նայել քարտեզին:
Հարավային Կովկասի, Կրասնոդարի, Ստավրոպոլի, Թարարստանի, Բաշկորստանի և մյուս իսլամական ու թյուրքական ազգությունների քանակական աճը ապառնում է Ռուսաստանի ամբողջականությանը, իսկ գուցե նաև գոյությանը: Ռուսաստանի փլուզման կանգնեցումը, կամ գուցե փլուզման ժամանակաշրջանի երկարաձգումը հնարավոր է Հարավային Կովկասում ազդեցությունը պահելու միջոցով, որը պատվար է Հյուսիսային Կովկասը հարավից մեկուսացնելու համար:
Որքան էլ տարօրինակ չհնչի, Ռուսաստանի փրկությունը պայմանավորված է Թուրքիայի դիրքորոշումից, ինչպես նաև Թուրքիայի փլուզումը (քրդական հարց) կանգնեցնելը նույնպես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից: Երկու երկրների ապագա գոյության հարցը նրանց դարձնում է ստրատեգիական դաշնակիցներ:
Հիշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկու կայսրություններն էլ միաժամանակ փլուզվեցին, իսկ վերածնվեցին միմյաց օգնությամբ:
Հիմա վերադառնանք Հարավային Կովկասին: Հարավային Կովկասում Ռուսաստանն իր ազդեցությունը կարողացավ պահել Արցախի խնդրի օգնությամբ, ինչպես նաև Հայաստանի անելանելի վիճակի հետևանքով Հայաստանի արտաքին կողմնորոշմամբ, ինչի համար պետք էր նաև, որ Հայաստանում լինի մի այնպիսի ինքնակործան համակարգ, որ թույլ չտար, որ մենք այլընտրանքներ որոնենք' այսինքն փլուզվի տնտեսությունը, մարդիկ բարոյալքվեն, լինի արտագաղթ և այն ամենը, ինչի հետևանքով մենք պետք է մեր հայացքն ուղղեինք դեպի Հյուսիս: Դրա համար պետք էր իշխանության բերել համապատասխան մարդկանց խմբին: Ինչը և հաջողությամբ իրականացվել է:
Հիմա եկել է հանգուցալուծման պահը: Ռուսաստանը և Թուրքիան իրենց գոյությունը պահելու համար պետք է դաշինք կնքեն և գինը լինելու է Արցախը, որտեղ գոնե մեկ հայ պետք է մնա, թեկուզ Ադրբեջանում իր պատմական առաքելությանը սպասող Վահան Մարտիրոսյանը, որի "անվտանգությունը" ռուսները կպաշտպանեն իրենց ռազմական ներկայությամբ և Կովկասը դարձնեն ամայի բուֆեր Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի և Իրանի միջև ակցանի մեջ կվերցնեն:
Կարծես թե սա է ծրագիրը, եթե փորձենք այն պարզունակ կերպով ներկայացնենք:
Հիմա, որն է մեր խնդիրը: Մենք դեռ պետք ենք Ռուսաստանին, որ Թուրքիան իր պայմանավորվածությունները կատարի, որովհետև Թուրքիայի մյուս հնարավոր տարբերակն է համաթյուրքական գաղափարի վրա ընդլայնվել և քրդերին "խեղդել" թյուրքական ծովի մեջ' Անթալիայից մինչև Ուզբեկստան:
Մեր անելիքը հետևյալն է, պետք է Ռուսաստանին հստակ հասկացնել, որ իրենց այդ ծրագիրը իրագործելու դեպքում այլս մեզ վրա հույս չեն կարող դնել և ունենալ "ռուսամետ" Հայաստան: Պետք է թույլ չտալ ռուսական զինվորի մուտքը Արցախ, իսկ Հայաստանից ռուսական ռազմաբազան պետք է դուրս հանել: Այս դեպքում միայն Ռուսաստանի ծրագիրը կկորցնի իր իմաստը: Այլ տարբերակ մենք չունենք:
Ստեփան Դանիելյան