«Իսլամական պետության» (ԻՊ) ԶԼՄ-ները տարածեցին հայտնի չեչեն հրամանատար Աբու Ումար աշ-Շիշանիի սպանության մասին լուրը, որն անմիջապես մեծ արձագանք գտավ միջազգային մեդիա դաշտում:
Աբու Ումար աշ-Շիշանիի սպանության մասին նախկինում ևս բազմաթիվ տեղեկություններ էին հայտնվում լրատվական ռեսուրսների տեղեկատվական հոսքում, սակայն դրանք շատ արագ հերքվում էին ԻՊ-ի կողմից:

 


Այս անգամ հենց ԻՊ-ի ԶԼՄ-ները տարածեցին աշ-Շիշանիի սպանության մասին լուրը, որտեղ նշվում է, որ նա սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ ընթացող ռազմգործողությունների ժամանակ:
Անկախ այն հանգամանքից՝ սա հերթական ապատեղեկատվությունն է, թե աշ-Շիշանին իրոք սպանվել է (այս անգամ ավելի հավանական է, որ նա սպանվել է, քանզի հենց իսլամական լրատավական ռեսուրսներն են շրջանառում այդ լուրը), փորձենք պարզել, թե ո՞վ էր Աբու Ումար աշ-Շիշանին:
Աբու Ումար աշ-Շիշանին (Թարխան Բաթիրաշվիլի) ծնվել է 1986 թ., ծագումով Վրաստանի Պանկիսի կիրճի Բիրկիանի գյուղից է: Աշ-Շիշանին, իր «Ջայշ ալ-Մուհաջիրին ուա ալ-Անսար» խմբավորման հետ դեռևս 2013 թ. կեսերին հավատարմության երդում տալով ԻՊ-ի խալիֆ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին, ակտիվորեն մասնակցեց տարբեր ճակատամարտերին' դառնալով ջիհադական պայքարի առանցքային դերակատարներից մեկը Սիրիայում: Աշ-Շիշանիի հայտնվելը զանազան ռազմաճակատներում մեծ ցնծություն ու խանդավառություն էր առաջացնում իսլամականների շրջանում: Թերևս սա բացատրվում էր նրանով, որ մինչև սիրիական հակամարտությունն Աբու Ումար աշ-Շիշանին անցել էր ռազմական պատրաստություն' 2006-2007 թթ. հատուկ հետախուզական խմբավորման կազմում ծառայելով Վրաստանի կանոնավոր բանակում:

 


Նրա ռազմական փորձն անշուշտ իր դերը խաղացել է Սիրիայում տեղի ունեցող պատերազմում, և կարճ ժամանակում աշ-Շիշանին դարձավ հեղինակություն ունեցող առաջնորդ ոչ միայն կովկասցի իսլամականների, այլ աշխարհի տարբեր հատվածներից Սիրիայում և Իրաքում հավաքված ջիհադականների շրջանում, չնայած եղան նաև հակասություններ հատկապես կովկասցի իսլամականների մեջ աշ-Շիշանիի անձի հետ կապված:
ԻՊ-ի «ռազմական նախարարը» համարվող աշ-Շիշանին Սիրիայում և Իրաքում ընթացող ջիհադական պայքարում ունեցած իր դերակատարմամբ այնքան էր ստվերել ընդդիմադիր այլ կառույցների ու դրանց առաջնորդների հեղինակությունը, որ նրա սպանության մասին տեղեկատվությունից հետո սկսեցին ակտիվորեն տարածվել շնորհավորական ուղերձներ այդ հայտնի չեչեն հրամանատարից ազատվելու համար:

 


Աբու Ումար աշ-Շիշանին իր գործունեությամբ բարձրացրեց հատկապես կովկասցի իսլամականների դերն ու նշանակությունը իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում, որն իր ազդեցությունը կունենա հետագա ջիհադական պայքարում կովկասցիների ներգրավվածության և դերակատարման առումով:

 

Սարգիս Գրիգորյան