Թուրքական մամուլում երկու ուշագրավ հոդված նկատեցի Թուրքիայում և Հունաստանում անցկացվող ամառային հանգստի հետ կապված, որի համառոտ բովանդակությամբ շատ կուզեմ կիսվել հայստանյան հասարակության հետ :)

 


''Հյուրիյեթ''-ի թղթակից Մելիս Ալփհանը նախ մի լավ թքեց -մրեց հայրենի երկրի տուրիաստական ոլորտը, պարզ հաշվարկներ ներկայացնելով այն մասին, որ բոլոր պարագաներում Հունաստանը շատ ավելի շահավետ ու հետաքրքիր հանգստի վայր է , քան Թուրքիայի լավագույն հանգստայան գոտիները: Ալփհանը շատ դիպուկ նկատեց, որ '' Հունական կղզիներում մեզանից (նկատի ունի թուրքերից ) ավելի երջանիկ մարդ չկա'' ու հավելեց, որ անգամ հունական այնպիսի թանկարժեք հանգստյան վայրեր, ինչպիսիք են Միկոնոսն ու Սանտորինին ավելի էժան են նստում, քան իրենց իսկ Ալաչաթըն : Բացի հյուրանոցների, ուտելիքի ու խմիչքի գների նկատելի տարբերությունից Ալփհանը շեշտել է, որ այս ամենի հետ մեկտեղ Հունաստանում սպասարկման որակը, տարածքի մաքրությունն ու մի շարք այլ գործոններ անհամեմատելի են: 

 


Այսքանից հետո Մելիս Ալփհանը մեկ տրամաբանական հարց է տվել իր իսկ ժողովրդին. '' Եթե ծովից այն կողմ կա Հունաստան, ինչո՞ւ թալանվենք Ալաչաթըում, ապո՞ւշ ենք ինչ է'': 
Սա էլ դեռ բավական չէր, մեկ այլ կայքում վրա հասավ Մեհմեդ Թեզը, որը Հունաստանում անցկացրած իր հանգստից հետո շատ կարևոր մի նկատառում արեց. '' Կա այսպիսի մի միֆ, որ Թուրքիայում սպասարկման որակը բարձունքում է: Համաձայն չեմ: Սպասարկման ոլորտի որակը հաճախորդի հանգստությունն ապահովելու խնդրի մեջ է , մերը ագրեսիվ, պարտադրող սպասարկում է: Անցյալ անգամ գնացինք մի ռեստորան, դեռ աթոռս չքաշած մատուցողը վրա հասավ, թե '' Մեծ ախպորս մի ռոքա հյուրասիրե՞մ'':Հունաստանում քեզ թողնում են քեզ հետ, դրա հետ մեկտեղ ոչ մի կարիքդ չուշացնելով'':

 


Հեղինակը նաև ընթերցողի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հունաստանում ռեստորաններն ու հյուրանոցները միօրինակ չեն, ինչպես Թուրքիայում, ամեն մեկը տարբեր է ու յուրօրինակ + գերակշռում է ընտանեկան բիզնեսը, այլ ոչ էմիգրանտների էժան աշխատուժը , ինչպես Թուրքիայում: Իր գրվածքը Մեհմեդ Թեզն այսպես է ավարտել. '' Մեր քթի տակ են հունասկան կղզիները, նույն աշխարհագրական տարածքն է, մենք ինչպես ենք գնահատում այս տարածքը, նրանք ինչպես են գնահատում... Երբեք մի ասեք '' Ինչ էլ նման ենք, նույնն ենք էլի'', չկա նման բան, Հունաստանի ու Թուրքիայի միջև ոչ մի նմանություն էլ չկա: Ավելի լավ է ոչ գնացեք, ոչ տեսեք , ոչ էլ նյարդայնացեք: Տանը նստեք ու շարունակեք լսել, թե իբր '' Աշխարհի լիդերն ենք, Միջին Արևելքը մեզանից են հարցնում'', սա ամենապրակտիկն է'':

 


Հ.Գ. Այս երկու նյութերը կարդալիս նորից հիշում էի պոլսահայ մեր ընկերներից մեկին, ով Հայաստան գալուն պես տոննաներով գարեջուր էր խմում ու ասում, որ Ստամբուլ գնալուն պես էլ չի խմելու,դրա համար այստեղ ձգտում է հագենալ: Երբ հարցնում էինք, թե ինչու Ստամբուլում չի խմելու, ասում էր. «Իյաա, էնտեղ խմիչքի գնի 70% -ը պետական հարկ է, ես աննորմա՞լ եմ թուրքական պետությանն էդքան հարկ տամ»:



Սոֆիա Հակոբյան