Ի՞նչ է Ռուսաստանը ուզում Ադրբեջանից: Այս հարցի պատասխանը շատ հստակ է և ոչ պաշտոնական հրապարակումներում Ադրբեջանին դա բացահայտորեն ասվում է: Ռուսաստանին պետք է, որ Ադրբեջանը հրաժարվի "մեկ ազգ - երկու պետություն" բանաձևից, այսինքն իրեն տարանջատի Թուրքիայից և ինքնուրույն ազգային' այսինքն քաղաքական միավոր դառնա, ինչը շատ բարդ գործընթաց է. պետք է փոփոխվեն պատմության դասագրքերը, քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունները, հանրային դիսկուրսը և այլն:
Ռուսաստանին դա պետք է, որովհետև իր տարածքային ամբողջականության համար համաթյուրքական գաղափարը շատ մեծ վտանգներ է պարունակում:
Եթե դա տեղի ունենա, ապա ինչպես ռուս փորձագետներից մեկն է ասել, Ռուսաստանը Ադրբեջանին "կոսկեզոծի": Սա է Ռուսաստանի համար Արցախի խնդրի կոնտեքստը: Նաև Ադրբեջանը Իրանի դեմ ճնշման կարևոր գործիք է կարող դառնալ: Սրանով է բացատրվում նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինումը' այդ թվում նաև Կասպից ծովում: Սա է հիմնական խնդիրը:
Հիմա, ինչն է կարող փոխել իրավիճակը: Հեռավոր կամ մոտակա ապագայում իրավիճակը կարող է փոխել Թուրքիայում Քրդստանի ստեղծումը, ինչը և հնարավորություն է մեզ համար, և վտանգ: Հնարավորությունների մասին հիմա չեմ խոսում, իսկ ինչ վերաբերվում է վտանգներին, ապա դա վտանգավոր է այն առումով, որ Քրդստանի ստեղծման դեպում Հայաստանը կորցնում է թյուրքական աշխարհի ստեղծման դեմ իր սեպի դերը, այսինքն կորցնում է իր աշխարքաղաքական նշանակությունը: Այդ դերը իրենց վրա քրդերն են վերցնում:
Այս դեպքում Ադրբեջանում փլուզվելու է համաթյուրքական ինքնության գաղափարըը և նրանք ստիպված պետք է ձևավորեն ինքնուրույն ադրբեջանական ազգ, ինչի արդյունքում Ադրբեջանն է դառնում Ռուսաստանի աշխարքաղաքական կարևոր գործընկերը: Հայաստանը կարող է ստրատեգիական գործընկեր դառնալ Քրդերի, կամ հակառակը' Թուրքիայի համար' Իրանի համար' միանշանակ:
Ստեփան Դանիելյան