Ձորագյուղ՝ Երևանի հնագույն թաղամասերից մեկը... Երևանի բերդում փոխվում էին օտարների կայազորները՝ թուրքական, պարսկական և ռուսական, բայց բուն քաղաքամիջի հայկական թաղերի կյանքը երբևիցե կանգ չէր առնում և միշտ շարունակվում էր՝ և դա անհերքելի պատմական փաստ է:

 

20-րդ դարասկզբի այս լուսանկարում՝ Երևանի բերդի դիմացի թաղամասն է՝ Ձորագյուղը, կամ ինչպես նաև կոչվել է միջնադարում՝ Խնկելաձորը: Գտնվելով Հրազդան գետի ձախ ափին, Ձորագյուղ-Խնկելաձորը եղել է Երևանի հնագույն թաղամասերից մեկը և գոյատևելով մաքառումներով լի հարյուրամյակներ՝ հասել մեզ: Հայտնի է, որ 1724 թվականի ապրիլից մինչև հունիս այս թաղամասի հայ բնակչությունը ինքնապաշտպանական կռիվներում հերոսաբար դիմադրել է Երևանը պաշարած թուրքական կանոնավոր զորքին:

 

Ձորագյուղը բաղկացած էր Վերին և Ներքին թաղերից: Բարձրադիր Վերին թաղում դեռ հնուց գործում էր Երևանի, կամ Ձորագյուղի վանք-անապատը: Այն իրենից ներկայացնում էր պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր' բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այլ կից կառույցներից և այգուց: Սուրբ Սարգիս եկեղեցին՝ առաջնորդանիստն էր, իսկ Ձորագյուղի անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղին:

 

Պատմական հիշատակությունները փաստում են, որ անապատը հիմնովին վերակառուցման է ենթարկվել դեռևս 15-րդ դարի կեսերին, երբ արդեն կարևորվում էր Երևանի կենտրոնական դերը Արևելյան Հայաստանում: Սուրբ Սարգիսը և երկու եկեղեցիները, ինչպես նաև վանք-անապատի այլ շինությունները հիմնահատակ ավերվել են 1679-ի Երևանի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Նահապետ Եդեսիացի կաթողիկոսի գահակալության տարիներին՝ 1691-1705 թթ.:

 

Կաթողիկոսարանի շինությունները տեղակայված են եղել Հրազդանի ձորի զառիթափի վերնամասում՝ հիմա էլ առկա քարաժայռի վրա, իսկ նրանից դեպի հյուսիս գտնվել է Սուրբ Հակոբ եկեղեցին, ինչպես նաև Երևանի ամենամեծ հացի փուռը, որն այդպես էլ կոչվել է՝ Վանքի փուռ: Լուսանկարում առկա Սուրբ Սարգիս եկեղեցին և նրան կից եկեղեցական շինությունները կրկին անգամ վերակառուցման են ենթարկվել 1835-1842 թթ.: Նշենք նաև, որ Ներքին թաղում, Հրազդանի ափին, 19-րդ դարի 2-րդ կեսին գործում էին կաշեգործական մոտ 30 խանութ-արհեստանոցներ։

 

Ռուբեն Շուխյան