Հայաստանի առաջին համալսարանի շենքը Ալեքսանդրապոլում... Դեռևս 1919-ի մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին պայմաններին, դա կարևորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար՝ Հայաստանում ստեղծել ազգային մտածելակերպով նոր սերունդ ձևավորելու նախադրյալներ: Երևանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվեց Համալսարանը բացել Ալեքսանդրապոլի (Գյումրի) առևտրային ուսումնասրանի շենքում (նկարում), որը 20-րդ դարասկզբին կառուցված և ճարտարապետական հետաքրքիր հորինվածքով՝ սև սրբատաշ տուֆե շարվածքով եռահարկ շինություն էր:

 

Ալեքսանդրապոլում համալսարանը մեծ շուքով բացվեց 1920 թվականի հունվարի 31-ին: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի և արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ: Համալսարանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ Երևանից և Թիֆլիսից, որոնց թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ գնդապետ Ուիլյամ Հասկելը՝ տիկնոջ հետ:

 

Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի 1920 թ. փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ' պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:

 

Ռուբեն Շուխյան