Այսօր Հայաստան է ժամանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, որի եռօրյա այցի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, իսկ այս փաստը նշանակում է, որ Հայաստանը այս օրերին գտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում և ամենահեղինակավոր հեռուստաընկերությունների ու լրատվամիջոցների Topnews-երում: Այս այցը թե քաղաքական, թե հոգևոր ու մշակութային առումով հսկայական նշանակություն ունի և բնականաբար դրական ազդեցություն կունենա և կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակության վարկանիշը: Մեր նորանկախ պետության գոյության ընթացքում սա Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի երկրորդ այցն է Հայաստան: Առաջինը տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Հայաստան ժամանեց Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդը:
Հայ ժողովուրդը հավերժ երախտապարտ ու շնորհակալ է Ֆրանցիսկոս Պապին, ով իր իսկ նախաձեռնությամբ և բացառիկ պատմական նշանակություն ունեցող Սուրբ պատարագ մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի համար և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին: Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայող Կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, այդ պատմական օրը Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցին ոչ միայն հայկական հոգևոր կատարումներ, այլև առաջին անգամ հնչեց հայկական դուդուկ:
Շատ կարևոր է, որ այս օրերին մենք կարողանանք Սրբազան Քահանայապետին և աշխարհին ապացուցել, որ մենք առաջին քրիստոյա պետություն ենք համարվում ոչ թե սոսկ պաշտոնական տվյալներով, այլ իրավմամբ արժանի ենք այդ բարձրագույն կոչմանը' նախ և առաջ Աստծո հանդեպ տածած անսահման հավատով և նրա պատվիրանների անշեղորեն կատարումով, միմյանց նկատմամբ ունեցած փոխադարձ սիրով և հարգանքով, մեր միասնականությամբ և ջերմությամբ և մեր հավատի ու հայրենիքի թշնամիների դեմ մղած անզիջում պայքարի հաստատակամությամբ, ուստի շատ կարևոր է, որ մեր քաղաքական ուժերը, ՀԿ-ները և ահատները ցուցաբերեն զգոնություն և կազմակերպվածություն, զերծ մնան այս կարևորագույն այցը ստվերող բողոքի ակցիաներ և երթեր կազմակերպելուց և մեր թշնամիներին վայրահաչելու ու չարախնդալու հերթական առիթը տալու վտանգից, փոխարենը կոչ եմ անում ազգովի համախմբված, արժանապատիվ կեցվածքով ու քրիստոնեական սիրով ու ջերմությամբ դիմավորենք Հռոմի Ֆրանցիսկոս Պապին և սրտանց ասենք' Բարի Գալուստ դեպի Ավետյաց Երկիր Հայաստան:
Էդիկ Մնոյան