Վերջին օրերին բավական ակտիվացել են Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերջնական վերականգնման առնչությամբ տարաբնույթ հրապարակումներն. այս մասին երկկողմանի պաշտոնական հայտարարության համար նշվում է անգամ կոնկրետ ամսաթիվ՝ հունիսի 26-ը, երբ եվրոպական մայրաքաղաքներից որևէ մեկում տեղի կունենա երկու երկրների ներկայացուցիչների եզրափակիչ հանդիպումը:

 

Բանն այն է, որ կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի առաջ քաշած առաջին 2 հիմնական նախապայմաններին Թել Ավիվն արդեն իսկ համաձայնել է. իսրայելական կողմը դեռ 2013թ. մարտին պաշտոնապես ներողություն է խնդրել կատարված միջադեպի համար և համաձայնել դրա հետևանքով սպանված Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին շուրջ 20 մլն դոլարի չափով դրամական փոխհատուցում տրամադրելու հարցում: Մինչ այս, կողմերի միջև ընդհանուր հայտարարի գալու հիմնական խոչընդոտը կապված է Գազայի հատվածի ապաշրջափակման և այնտեղ իշխող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ Թուրքիայի շփումների սահմանափակման խնդիրերին՝ ընդհուպ մինչև կազմակերպության՝ Թուրքիայում տեղակայված ներկայացուցչության լուծարումը. վերջինը հանդիսանում էր արդեն իսրայելական կողմի առաջ քաշած նախապայմանն. ասել է թե՝ կողմերի միջև հարաբերությունների կարգավորման վերջին փուլն, այսպես թե այնպես, շոշափելու է պաղեստինյան խմբավորման շահերը:


Իսկ Գազայի հատվածի և «ՀԱՄԱՍ-ի» հետ կապված խնդիրների հարցում, ոչ պաշտոնական աղբյուրների կողմից շրջանառվող տեղեկատվության համաձայն, Թուրքիան հրաժարվել է շրջանի ամբողջական ապաշրջափակման պահանջից՝ բավարարվելով որոշ առողջապահական կառույցներ և աղազրկման, վերամշակման գործարան կառուցելու նախագծերով՝ միաժամանակ էական զիջումների գնալով «ՀԱՄԱՍ-ի» հետ հարաբերությունների հարցում:


Արդեն վերոնշյալ իրողությունների պայմաններում, ըստ էության, «ՀԱՄԱՍ-ը» հայտնվել է փաստի առջև, և բնական է կառույցի բացասական արձագանքը՝ իսրայելաթուրքական հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապված. ավելին, պաղեստինյան կառույցի ղեկավար շրջանակներն անգամ մեղադրել են թուրքական իշխանություններին՝ պաղեստինցի ժողովրդի շահերը զիջելու ճանապարհով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գնալու հարցում: Որոշ աղբյուրների համաձայն, իսրայելական կողմի հետ շփումների ակտիվացմանը զուգահեռ, թուրքական իշխանություններն անգամ դադարեցրել էին «ՀԱՄԱՍ-ի» քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալի հետ բոլոր հարաբերությունները:
Բանն այն է, որ հատկապես 2010թ. մայիսի վերջին տեղի ունեցած «Մավի Մարմարայի» միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամի պայմաններում թուրքական իշխանություններն առավել սերտացրին կապերը պաղեստինյան կառույցի հետ՝ ձգտելով նրա հնարավորություններն օգտագործել սեփական շահերի առարկայացման ծրագրերում: Նման պայմաններում, կարճ ժամանակ անց Թուրքիան, Կատարի հետ միասին վերածվեց «ՀԱՄԱՍ-ի» առանցքային հովանավորներից մեկը՝ դրանով իսկ հանգեցնելով պաղեստինյան կառույցի և նրա մի շարք այլ արտաքին հովանավորների ու գործընկերների միջև հարաբերությունների սրմանը: Մասնավորապես, լուրջ խնդիրներ (Սիրիայի պարագայում՝ նաև թշնամանք) առաջացան մի կողմից «ՀԱՄԱՍ-ի», մյուս կողմից՝ Սիրիայի, Իրանի, ավելի ուշ նաև՝ Եգիպտոսի միջև հարաբերություններում, իսկ Թուրքիայում կառույցի ներկայացուցչությունը բավական լայն հնարավորություններ ստացավ և կարևոր դերակատարություն ստանձնեց Իսրայելում ահաբեկչական հարձակումների կազմակերպման և իրականացման հարցում:


Հետևաբար, փաստացի ստեղծվել էր մի իրավիճակ, երբ պաղեստինյան կառուցը քաղաքական, ֆինանսական, նյութատեխնիկական առումով հայտնվել էր լրջագույն կախվածության մեջ Անկարայից:
Եվ ահա, նման պայմաններում, փաստորեն, համաձայնության գալով Իսրայելի հետ էականորեն սահմանափակում են թուրքական կողմի՝ «ՀԱՄԱՍ-ին» աջակցելու, նրա վրա ազդելու և անգամ որոշ ձևաչափերում հարաբերվելու հնարավորությունները: Այս համատեքստում, որքան էլ թուրքական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններով փորձեն հղկել իրավիճակը, կասկածից վեր է, որ թուրքական իշխանությունները նման քայլի են գնում սեփական շահերին համապատասխան՝ հատկապես առկա արտաքին լրջագույն մեկուսացումը մեղմելու նպատակով՝ այդ ճանապարհին անգամ անտեսելով, գուցե նաև «դավաճանելով» սեփական դաշնակիցներին:


Որպես օրինակ՝ որքան էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարի, թե թուրք դիվանագետները հետագայում էլ շարունակելու են հանդիպումները պաղեստինյան կառույցի ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով, միևնույն է, «ՀԱՄԱՍ-ում» կարծում են, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ Թուրքիան «քցեց» իրենց:

 

Արմեն Պետրոսյան