Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Բաքվի Սաբունչիի շրջանի Նարդարան ավան, որի բնակչությունն առանձնանում է ընդգծված կրոնամոլությամբ և իրանամետ կեցվածքով. հենց այս բնակավայրում 2015-ի տարեվերջին տեղի ունեցած բողոքի գործողություններն ադրբեջանական իշխանությունների կողմից ճնշվեցին ուժային բիրտ միջոցներով:
ԱՀ նախագահը Նարդարանում մասնակցել է նորակառույց ճանապարհի բացման արարողությանն, այցելել բնակավայրի մզկիթները։
Ալիևի վերոնշյալ այցը ծաղրի և զավեշտի թեմա է դարձել «ադրբեջանական փողոցում»: Այս համատեքստում հնչած կարծիքներից ամենաուշագրավն այն է, որ ԱՀ նախագահը Նարդարանում չի հանդիպել տեղի բնակչությանն, իսկ այն մարդկանց շարքում, ում հանդիպել է, անգամ մեկ նարդարանցի չի եղել: Բացի նշվածից, ծաղրի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից՝ երկրի տարբեր շրջաններ այցելելու նպատակը: Մասնավորապես նշվել է, թե Ալիևի բան ու գործն էլ միայն բացում անելն է, եթե անգամ զուգարանի բացում էլ լինի, գնում է, ժապավեն է կտրում:
Արմեն Պետրոսյան