ԱՀ, ՌԴ ու ՀՀ ղեկավարների համատեղ հայտարարությունն աչքի է ընկնում միայն մեկ իրապես կարևոր նորամուծությամբ՝ այնտեղ ասվում է, որ հակամարտության կարգավորման հարցով զբաղվելու միջազգային մանդատ ստացած Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ շարունակաբար տեղի են ունենալու նաև ԱՀ-ՌԴ-ՀՀ նախագահների մակարդակով անցկացվող հանդիպումները, որոնք ևս կոչված են լինելու նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:

 

Սա արդեն որոշակի երկվություն է հաղորդում բանակցային գործընթացի շուրջ ձևավորվող նոր իրավիճակին, քանի որ ստացվում է այնպես, որ ՄԽ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ կողմից, այդ թվում նաև իր իսկ՝ պաշտոնական Մոսկվայի կողմից, հաստատված միջազգային ձևաչափից դուրս մեկ ուրիշ բանակցային ձևաչափ է ներդնում և տրամաբանությունը հուշում է, որ այդ նոր ձևաչափի շրջանակներում նա հույս ունի գլուխ բերել այն, ինչը չէր հաջողվում անել ՄԽ գործունեության շրջանակներում: Այս ամենից, ինչ խոսք, ինչ-որ մութ գործարքի տհաճ հոտ է գալիս:

 

Մենք, ամեն դեպքում, պետք է հիշենք, որ ապրիլյան ռազմագործողության արդյունքում կորսված տարածքներից պարոն Սերժ Սարգսյանը և ՀՀ գործող ողջ քաղաքական ղեկավարությունը՝ Հովիկ Աբրամյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Հարությունյանը, բանակը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արտգործնախարարությունը և խորհրդարանի նույնիսկ ընդդիմադիր հատվածի մեծամասնությունն առանց աչքը թարթելու հրաժարվել են և այստեղ խնդիրն անգամ այն չէ, թե այդ տարածքն ինչ չափեր է ունեցել, այլ այն, որ մարդիկ այդ կերպ քաղաքական առումով են բոլոր տարածքները մաս-մաս կամ միանվագ հանձնելու դուռը բացել:

 

Արման Մելիքյան