Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Հայրերի տոնը: Հայրերին նվիրված տոն նշելու պատմությունն սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: Առաջին անգամ Հայրերի տոնը նշվել է 1910 թվականի հունիսի 19-ին ԱՄՆ-ում:
Այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ Հայրերի տոնի առաջացումն այլ նախապատմություն ունի. իրենց հայրերին երախտագիտություն հայտնել ցանկացող երեխաների համար տոն ստեղծելու գաղափարը եկել է Վաշինգտոնի նահանգի Սփոքեյն քաղաքից: Անցած դարի սկզբներին նման տոն հիմնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սոնորա Սմարթ Դոդ անվամբ մի աղջիկ: Մոր մահից հետո նրան և ևս 5 երեխայի դաստիարակել է հայրը' Ուիլիյամ Ջեքսոն Սմարթը:
Սոնորայի նախաձեռնությունը պաշտպանել են և պատրաստվել տոնակատարություն կազմակերպել հունիսի 5-ին' նրա հոր ծննդյան օրը: Սակայն հոգևոր հայրերն ավելի շատ նախապատրաստվելու ժամանակի կարիք ունեին, և տոնը հետաձգվել է մինչև 1910 թվականի հունիսի 19-ը:
Բավականին երկար տարիներ է պահանջվել տոնը պաշտոնական դարձնելու համար: Մայրերի տոնին հասարակությունը խանդավառությամբ էր արձագանքում, մինչդեռ Հայրերի տոնը պետականորեն հռչակելը ծիծաղ էր առաջացնում: 1956թ. Կոնգրեսն ընդունեց այս տոնը հիմնելու մասին բանաձև:
1966թ. նախագահ Լինդոն Ջոնսոնը հռչակագիր ընդունեց, որով հունիսի երրորդ կիրակի օրը հայտարարվում էր Հայրերի օր: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի' տղամարդկանցից բաղկացած կազմը չէր համարձակվում պաշտոնապես հիմնել տոնը, քանի որ կոնգրեսականները երկյուղում էին, որ իրենց կարող են մեղադրել կանխակալության մեջ: Միայն 1972թ. նախագահ Ռիչարդ Նիքսոնը պաշտոնապես օրինականացրեց Հայրերի օրը: Այդ օրն ընդունված է հատկապես պատվել այն հայրերին, որոնք, ինչպես և Սոնորայի հայրը, միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին: ԱՄՆ-ի ազգային քաղաքականությունն ամեն կերպ հավանություն է տալիս և խրախուսում պատասխանատու հայրությունը: 1999թ. ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը հուշագիր է ստորագրել, որը դաշնային գերատեսչություններին պարտավորեցում է միջոցներ հատկացնել հայրերին օգնելու համար: Հայրերի օրվա ծաղիկը վարդն է. հագուստին կարմիր վարդ են ամրացնում, եթե հայրը ողջ է, և սպիտակ, եթե նա մահացել է:
Սևակ Գրիգորյան