Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կա աշխատատեղեր ստեղծելու խնդիր: Իհարկե սա ունի առաջնային կարևորություն, սակայն պետք է այնպես անել, որ մեկի լուծումը չառաջացնի այլ խնդիրներ: Այս ամենը հաշվի առնելով՝ նախատեսվել է հաստատել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը, որը բաղկացած է օճառի և օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունից:
Այս արտադրանքները պատահական չեն ընտրվել: Օրինակ օճառի արտադրության մեջ չկան վտանգավոր նյութեր և թափոններ, արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի ժամանակ թափոն չի առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մասն է, որտեղ վտանգավոր լուծիչ չի կիրառվում, արտադրանքը թողարկվում է ջրային հիմքով, որն ինքնին անվտանգ է:
Իհարկե կարելի էր ավելի լայն ցանկ կազմել և լայն արտադրական ծավալների հաշվին աշխատատեղեր ստեղծել, բայց քիմիական արդյունաբերության բնագավառի թույլատրելի գործունեության տեսակների սահմանափակումը միտված է տարածաշրջանի բնությունը և շրջակա միջավայրը դրանցից զերծ պահելուն: Մի կողմից բացառվում են Դիլիջանի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացը, մյուս կողմից' թույլատրվող գործունեության տեսակների միջոցով համայնքի բնակիչների համար ստեղծվում են աշխատատեղեր:
Տիգրանուհի Դավթյան