Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրի խորհրդարանը հաստատել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախաձեռնված՝ «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը: Այս թեման բավական լուրջ քննարկումների պատճառ է դարձել «ադրբեջանական փողոցում»:
Բանն այն է, որ շարքային ադրբեջանցիները համոզված են՝ օրենքում տեղ գտած փոփոխություններն իշխանության ներկայացուցիչները նախաձեռնել են իրենց զավակներին բանակից տարկետում տրամադրելու նպատակով: Այս համատեքստում, հատկապես ընդգծվում է, որ այս նախաձեռնությունը նպատակաուղղված է Իլհամ Ալիևի որդու՝ կրտսեր Հեյդար Ալիևի ուսման անխափան ընթացքն ապահովելուն: Որպես օրինակ՝ հնչել է այսպիսի կարծիք՝ «Նախագահի տգետ որդին էլ է այս տարի ավարտում բակալավրիատը, հավանաբար հայրը նրա համար է օրենքը փոխում»:
Բացի օրենսդրական նախաձեռնության դեմ հնչած դժգոհություններից, ծաղրի և սուր քննադատության է ենթարկվել նաև Ադրբեջանի խորհրդարանը, որը «հլու-հնազանդ կերպով իրականացրել է նախագահի պահանջը»: Այս համատեքստում, բավական դիպուկ է հնչել ԱՀ օրենսդիր մարմնին ուղղված քննադատական կարծիքներից մեկը՝ «Փաստորեն, ոչ թե խորհրդարան է, այլ ոչխարների հոտ»:
Արմեն Պետրոսյան