ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում հունիսի 12-ին տեղի ունեցած ահաբեկչական բռնարարքը, որի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել՝ 53 մարդ, իրավացիորեն, գնահատվում է այդ երկրի նորագույն պատմության ընթացքում գրանցված խոշորագույն ահաբեկչական հարձակումը՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի գործողություններից հետո: Հիմնվելով մինչ այս հրապարակված տեղեկատվության վրա՝ միանշանակորեն կարելի է փաստել, որ այս հանցագործությունը միայնակ ծայրահեղական-ահաբեկիչի իրականացրած գործողություն է՝ իր խորքում ունենալով հոգեբանական, ծայրահեղ արմատական գաղափարական դրդապատճառներ, և կազմակերպված չի եղել որևէ ահաբեկչական կազմակերպության կողմից:

 


Համաձայն արդեն իսկ տարածված փաստերի՝ հանցագործի հարազատների, գործընկերների, ծանոթների վկայությունների՝ ծագումով աֆղանցի 29-ամյա Օմար Միր Սադիկ Մատինն, ակնհայտորեն հոգեբնական խնդիրներ, անհավասարակշիռ վարք և հատկապես վերջին տարիներին իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով ոգեշնչված անձ էր, և եթե հաշվի առնենք նաև նրա կողմից ընտրված թիրախը՝ Օռլանդո քաղաքի Pulse համասեռամոլների ակումբն, ապա հիմնականում պարզ է դառնում նաև հանցագործության մոտիվացիան:
Այս համատեքստում, բավական ուշագրավ է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կապն Օմար Մատինի և նրա կողմից իրականացված բռնարարքի հետ. ակնհայտ է, որ ծայրահեղական կառույցը որևէ անմիջական կապ չունի այս ահաբեկչության հետ: Իսկ հարձակման պատասխանատվության ստանձնումը, ինչի մասին բռնարաքից ժամեր անց հայտարարեցին ԻՊ-ի լրատվական աղբյուրները (Ալ-Ամաք գործակալությունն ու Ալ-Բայան ռադիոկայանը) պարզապես կառույցի հեղինակության աճին միտված քայլ է, հատկապես այն պարագայում, երբ ահաբեկիչն ինքը հարձակումից րոպեներ անց ԻՊ-ի գաղափարները կիսելու մասին հայտնել էր ոստիկանությանը:
ԻՊ-ի համար ներկայում ստեղծված բավական բարդ իրավիճակում, երբ նաև ԱՄՆ-ի կողմից գլխավորած կոալիցիոն օդուժը լուրջ գործողություններ է իրականացնում կառույցի դեմ Իրաքի և Սիրիայի տարածքներում, և այն էականորեն զիջում է սեփական դիրքերը, բնականաբար, նման աղմկոտ գործողությունները, կամ իր իսկ կողմից նախաձեռնված ահաբեկչական հարձակումները չափազանց կարևոր են օրեցօր անկում ապրող սեփական հեղինակությունը փրկելու համար:

 


Մինչդեռ նշել, որ Օռլանդոյի ահաբեկչության մեջ չկա ԻՊ-ի ազդեցությունը, ևս սխալ է. անշուշտ կա, և սա ծայրահեղական կառույցի գործելաոճի երրորդական հետևանքներից մեկն է՝ այն է արթնացնել, բորբոքել իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներն ամբողջ աշխարհում՝ նման հակումներ ունեցող անձանց, նրանց խմբերի շրջանում: Ի վերջո, ԻՊ-ի կողմից հատկապես վերջին 2 տարիների ընթացքում իրականացվող քարոզչության նպատակը ոչ միայն ծայրահեղականներին սեփական շարքերում ներգրավելն էր իր իսկ վեահսկողության ներքո գտնվող տարածքներում, ինչպես նաև՝ տարբեր վիլայեթների ցանցերի, ստեղծումն, այլև՝ հենց հոգեբանական որոշակի շեղումներ ունեցող անձանց շրջանում ազդեցության տարածումը, որոնց ուղղակի գործողություններից անուղղակիորեն կկարողանա շահել նաև ահաբեկչական կառույցը:

 


Ասվածի համատեքստում, Օռլանդոյի ահաբեկչությունն իր բնույթով բնավ էլ եզակի չէ, թեպետ ակնհայտորեն տարբերվում է նախորդներից հետևանքների չափով: Այսպես, 2015թ. հունվարին Փարիզում նույն մոտիվացիայով նախ ֆրանսիացի ոստիկանի, ապա՝ հրեական սննդի խանութի դեմ կատարած հարձակմամբ ևս 4 մարդու էր սպանել Ամեդի Կուլիբալի անունով ծայրահեղականը, ով իր այդ գործողությունից ընդամենը ժամեր առաջ նույնպես հավատարմության երդում էր տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բքր ալ-Բաղդադիին: Ավելի վաղ՝ 2014 թ. հոկտեմբերին, կառույցի համակիրները Ավստրալիայում մահափորձ էին իրականացրել Սիդնեյում շիայական համայնքի առաջնորդ Ռասուլ ալ-Մուսավիի դեմ, իսկ միջադեպից մի քանի ժամ առաջ հարձակման էր ենթարկվել տեղի շիաների կրոնական կենտրոնը: Նույն՝ 2014թ. հոկտեմբերի 22-ին արդեն Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության դեպքը ևս ավարտվեց մարդկային կորուստներով:

 


Թերևս, ԻՊ-ի ազդեցության հենց այս եղանակն է, որն, ի տարբերություն ուղղակի ռազմական գործողությունների, կամ կառույցի կողմից անմիջականորեն կազմակերպված ահաբեկչական հարձակումների, ամենաանկանխատեսելին է թե՛ ժամանակի, թե՛ տարածության առումով. վառ օրինակը՝ Օռլանդոյի դեպքը, երբ համեմատաբար բավական անվտանգ իրավիճակում գտնվող ԱՄՆ-ում տեղի ունեցավ նման ողբերգական միջադեպ:
Իսկ այս ահաբեկչական հարձակումը ևս մեկ պատճառ է՝ իսլամական ծայրահեղ արմատական տարաբնույթ կառույցների դեմ առավել արդյունավետ ու առարկայական կերպով պայքարելու և ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ նաև, որը պակաս կարևոր չէ, գաղափարական, քարոզչական և հոգեբանական հարթություններում:

 

Արմեն Պետրոսյան