1. Մենք դեռ կգանք
Շահումյանի անկումից հետո Դուշման Վարդանն ընկերոջ հետ գիշերով թաքուն վերադառնում է Շահումյան: Ուզում էր ստուգել' թուրքերը գերեզմանները հո չե՞ն պղծել:
Լուռ ու գլխիկոր մոտենում է խաչքարին, ծնկի իջնում և ասում. «Մենք Աստծո խենթ զավակներն ենք. աղոթենք յուրովի»: Հեռանալիս Վարդանը սրտի խոր ցավով ասաց. «Մեր պապերը գերեզմանները կառուցել են գյուղի սկզբում, որպեսզի գյուղը պաշտպանվի գերեզմաններից սկսած, իսկ հիմա մենք թողնում ենք ու հեռանում: Մե՛ր պապեր, ներեցե՛ք ձեր անառակ որդիներին, մենք դեռ կգանք»:
2. Անցյալով է հայը ստեղծում իր ապագան
«Կարդացել եմ շատ պատմավեպեր ու վիպակներ: Գրքերի օգնությամբ մասնակից եմ եղել Ավարայրի ճակատամարտին: Շիրազի օգնությամբ Դանթեի սարսափելի դժոխքն եմ տեսել իմ տառապյալ հողում: Դեռ մանկուց մորթվել ու հոշոտվել է իմ հոգին: Այժմ էլ Կոմիտասի ճիչն է լսվում իմ ականջներում: Չի լռի երբեք «Անլռելի զանգակատունը»: Այն ամեն հայի մեջ անմար կպահի իր անցյալը: Անցյալով է հայը ստեղծում իր ապագան: Կստեղծի, քանի դեռ կենդանի է մեկ հայ»:
Վարդան Ստեփանյան 1986թ.
3. «Մե՛ր պապեր, Շուշին ազատագրվա՛ծ է,
հանգստացե՛ք»
Շուշին արդեն ազատագրված էր: Բոլորը եկեղեցու մեջ էին կամ բակում: Աղոթում էին, ուրախությունից արտասվում, փառաբանում Աստծուն: Հաղթանակի տոն էր: Հանկարծ Վարդանի ընկերներն անհանգստացան: Վարդանը չկար: Անհանգստանալն իզուր չէր, որովհետև թուրքերը Դուշման Վարդանի համար գլխագին էին նշանակել: Բան պատահած չլինի՞:
Իսկ որտե՞ղ էր Վարդանը:
Վարդանը, մի շիշ շամպայն ձեռքին, գնացել էր գերեզմանոց: Եվ շամպայնից կաթիլներ կաթեցնելով հայկական բոլոր գերեզմանոցների վրա' բարձր ձայնով գոռում էր.
-Մե՛ր պապեր, Շուշին ազատագրվա՛ծ է, հանգստացե՛ք:
Տղերքը Վարդանին գտան գերեզմանոցում' հաղթանակի ավետիսը ննջեցյալներին հայտնելիս: Օրհնյա՛լ լինես, Վարդա՛ն: Թող մի օր էլ մի հայորդի քո երազանքի կատարումը' Էրգրի ազատագրումը քեզ ու քո նահատակ ընկերներին ավետիս բերի նույն խոսքերով: