Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: Թբիլիսիի մասնակցությամբ Այսրկովկասում ձևավորում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է ոչ միայն հակադրվեք Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլ նաև՝ լրջապես վերափոխել ուժերի միջև հավասարակշռությունը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարվել է մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ՝ 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համատեղ հայտարարությունով :
2008 թվականի օգստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել հետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական համակարգերից՝ ընտրելով եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման ուղին: Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետ Մոսկվան կորցրել է Թբիլիսիի վրա ներազդելու բոլոր հնարավորությւոնները, և վրացական իշխանություններին այլևս ոչինչ չի խոչընդոտում յուրովի կառուցել իր զարգացման տեսլականը, միաժամանակ՝ ներքաշվելով հակառուսական ցանկացած ձևաչափերի մեջ: Եվ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը, ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաև՝ հակահայկական իրենց արկածախնդրությունների մեջ: Ավելին, որպեսզի թուլացնեն Թբիլիսիի դիմադրողականությունը, Անկարան և Բաքուն լայնորեն գործադրում են տնտեսական և ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները:
Ռազմաքաղաքական գործոն
Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման և նույնիսկ՝ անդամակցության բանալին գտնվում է միայն իր ձեռքում, և Թբիլիսին պարտավոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Ցավալի է, բայց նման մոտեցումը կիսում են նույնիսկ վրացական վերնախավում: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խուդաշելին օրեր առաջ հայտարարել է, թե «Թուրքիան ՆԱՏՕ անդամ-երկրներից միակն է, որն անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»: Թբիլիսիում փորձում են անտեսել, որ Անկարայի նման մոտեցումը նախևառաջ ուղղված է Մոսկվայի դեմ: Ի տարբերություն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները զգուշավոր են արտահայտվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսլականի մասին, չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրությունը, ուստի վրացական վերնախավի համար թուրքական հայտարարությունները հոգեբանական այլ նշանակություն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը սկսել է զարգանալ 2007 թվականից, որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անկարան անթաքույց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձևով ներքաշել նաև Թբիլիսին:
Մայիսի 15-ին Գաբալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բացահայտում են, որ Թուրքիային մասնակի հաջողվել է հասնել իր նպատակին և առանց Հյուսիսատլանտյան դաշինքի գործոնի օգտագործման, քանի որ ձևավորվող այդ դաշինքի մեջ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում: Վրաստանի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանին, և օգտվելով Ռուսաստանի միջամտությունից և զբաղվածությունից՝ նոր արկածախնդրության դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարավոր նոր կոնֆլիկտի դեպքում ռուսական 102-րդ բազան ստիպված կլինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին և չի կարողանա որևէ լուրջ աջակցություն ցուցաբերել հայկական զինված ուժերին, իսկ դա հնարավորություն կտա ավելի մեծ ուժեր կենտևրոնացնել ոչ միայն Ղարաբաղյան ռամաճակատում, այլ փորձարկել նաև Նախիջևանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպեսզի հայկական զինված ուժերը երկու թևով պաշտպանվեն:
Տարածքային ամբողջականության գործոն
Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների նոր որակը երկիմաստ է դարձնում Երևանի հետ Թբիիլիսիի հարաբերությունները: Վրացական վերնածավը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին, սակայն երկու հակահայկական տրամադրվածությամբ երկրների հետ նույն դաշինքի մեջ գտվելը ստվերում է այդ հայտարարությունների անկեղծությունը: Անկարան և Բաքուն Թբիլիսիին փորձում են համոզել, թե Երևանը, գտնվելով Մոսկվայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ Ջավախքում վրացական իշխանության համար, և նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցությունը: Իրականում սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնում է հենց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնվում է Վրաստանի պետականության կազմում, այլ՝ հենց Աջարիայի հետագա պատկանելության հարցով պարտադրել Թբիլիսիին շարժվել իր համար ցանկալի ճանապարհով:
Եթե Վրաստանը հրաժարվի մասնակցություն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառվում, որ Թուրքիան կարող է Ջավախքում հրահրել վրաց-հայկական ընդհառումներ կամ խռովություն կազմակերպելով Աջարիայում՝ պահանջել այդ երկրամասին ավելի լայն ինքնավարության տրամադրում, նույնիսկ՝ անկախացում: Վրաստանի Քվեմո-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր հավակնությունները չի թաքցնում նաև Ադրբեջանը, որը վերջին տարիներին բազմիզս է բարձրացրել վրաց-ադրբեջանական պետական սահմանի վերանայման հարցը: Բաքուն կարող է ակտիվացնել նաև Մառնեուլիի շրջանում բնակվող մահմեդականների կենտրոնախույս մղումները:
Փաստացի, թե Թուրքիան և թե Ադրբեջանը բացահայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը այն դեպքում, որ Հայաստանի պետական վերնաավը բազմիցս հայտարարել է, որ հայ-վրացական որևէ տարածքային հարց գոյություն չունի:
Բագրատ Մովսեսյան