ՖԲ-ում Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ընդունման մասին տասնյակ պատճառներ կամ հետևանքներ են նշվել զանազան մարդկանց կողմից, որոնք, առանց չնչին իսկ կասկածի, ուրախությամբ կընդունեին երկրի ներկա իշխանությունների առաջարկը՝ ստանձնելու արտաքին գործերի նախարարի պաշտոնը և ՀՀ քաղաքական նավը ճահիճից դուրս բերել օվկիանոս՝ չնայած սրտի ողջ դառնությամբ հայհոյել և դավաճան են համարել իշխանություններին, ճիշտ ինչպես նախկին ընդիմադիր, իսկ ներկայումս լուրջ պաշտոններ զբաղեցնող բազում <<քաղաքական>> գործիչներ․․․

 

Ըստ երևույթին, այս մարդկանց համար անտեսանելի է այն երևույթը, որի գոյությամբ է պայմանավորված ինչպես ամերիկյան, այնպես էլ <<եվրոպական>> արտաքին քաղաքականությունը։ Այդ երևույթը Չինաստանի և մասնավորապես Ռուսաստանի տարեցտարի աճող ազդեցությունն է ամբողջ աշխարհում։ Նրանք, ովքեր կանխատեսում են Ռուսաստանի կազմաքանդումը կամ փլուզումը, լավ չեն պատկերացնում ոչ ԱՄՆ-ի տնտեսության ներկա իրավիճակը, ոչ էլ այն, թե ով և ինչպես է ղեկավարում եվրոպա կոչված անդեմ միությունը․․․

 

Ինչպես կուրորեն սիրահարվածը չի կարող կամ պարզապես անզոր է տեսնելու իր սիրեցյալի նենգությունները, այնպես էլ հազարավոր մարդիկ արևմուտքի ցանկացած քայլ ընկալում են որպես մարդասիրական քայլ, իսկ Չինաստանի կամ Ռուսաստանի ինքնապաշտպանական քայլերը որպես ստոր և ագրեսիվ միջոց, ինչ էլ այն լինի․․․ Փաստ է, որ Գերմանիայի խորհրդարանի այս քայլը թուրքերի դեմ է, բայց դրա խորքային պատճառը Հայաստանում հակառուսական տրամադրություն-ների ամրապնդումն է, և եթե եվրոպան ղեկավարող ուժերին հաջողվի ապահովել լուրջ առաջընթաց այս ուղղությամբ, ապա Հայաստանը կհայտնվի ավելի վտանգավոր միջազգային մեկուսացման մեջ՝ այլ խոսքով, կստեղծվի մի նոր պատերազմական իրավիճակ։ Այս անգամ ՀՀ-ն մեն-մենակ կհայտնվի իրանի, թուրքիայի, ադրբեջանի, վրաստանի և գլխավոր հավակնորդի՝ քրդերի դեմ-հանդիման․․․

 

Եթե կան մարդիկ, որոնք չեն գիտակցում, որ և անհատը, և ցանկացած պետություն միշտ ազատ ու ինքնակամ է որոշումներ ընդունելիս, անկախ նրանից, թե ինչ դաշինքի մեջ է, ապա նա պարզապես բարոյական իրավունք չունի ազգը ներքաշել նման արկածախնդրության մեջ, անկախ այն բանից՝ նա իշխանությունների կողմից մերժված և հետևաբար պարապությունից ՖԲ-ում ստատուս գրող է, թե երկրի արտաքին գործերի նախարար կամ թեկուզ երկրի նախագահ․․․

 

Բոլորովին անհավանական չէ այն, որ Ռուսաստանում քաղաքական ազդեցություն ունեցող որոշ ուժերի սրտով է գերմանական խորհրդարանի այս քայլը և նրանք շարունակ մտմտում, բայց այդպես էլ չեն համարձակվում դիմել վերջին քայլին՝ այն է՝ զորքերը դուրս բերել ՀՀ-ից․․․ Այստեղ լուրջ դերակատարում ունի ադրբեջանը․․․ Այս երկիրը ձգտում է ռազմականացնել իր տնտեսությունը։ Եթե նրան հաջողվի, ուրեմն այս պետությունը համաձայնել է անել այն, ինչ պարտավոր էր անել ՀՀ քսանհինգ տարվա պետությունը, քանզի դրա համար ավելի լուրջ բարոյական հիմքեր ուներ, ավելին՝ դա իր սուրբ պարտավորությունն էր ինչպես ցեղասպանության զոհերի առջև, այնպես էլ մեր ապագա սերունդների․․․

 

Արմեն Հարությունյան