Սամվել Բաբայանին հարգում եմ , որպես լավ ռազմական գործիչ: Գեներալ Բաբայանի հարցազրույցն եմ նայում՝ շատ լավ ու խորիմաստ է խոսում, զգացվում է , որ նախկինում գլխավորել է Արցախի բանակը ու բոլորիցս լավ գիտի ամեն լավ ու վատը: Զգացվում է , որ այսքան տարիներից հետո , մի շարք լուծումներ ունի շատ կարևոր հարցերի հետ կապված, որը կարող է մեծ օգուտ տալ մեր բանակին: Գնահատում եմ Բաբայանի զինվորական անցյալը, ընդունում եմ հաղթանակների մեջ իր ունեցած դերը ու նշանակությունը, Բաբայանին ընդունում եմ , որպես զինվորական , չեմ ուզում անդրադառնամ պատերազմից հետո նրա գործունեությանը:
Բայց , հարցազրույցը նայելուց հետո, մի քանի բան իմ մեջ մութ մնաց: Ինչու՞ է Արցախի բանակի նախկին հրամանատարը կենտրոնանում ադրբեջանական սպառազինության վրա , ինչու՞ է զինվորականի մարտական ոգին մղում երկրորդ պլան ու կարևոր թշնամու արկերի քանակը: Ես իհարկե համաձայն եմ , որ բանակին հարկավոր է զենք, ինչքան շատ այնքան լավ, ինչքան հզոր այնքան ավելի լավ, բայց գեներալ Բաբայանը ինձ թվում է բոլորիցս լավ պետք է ծանոթ լինի ադրբեջանական բանակի մարտունակությանը: Պատերազմի տարիներին, երբ մեր զինվորները ավելի վատ վիճակում էին, երբ դեռ բանակ , որպես այդպիսին նոր-նոր էր ձևավորվում, իսկ Ադրբեջանը էլի ուներ հզոր տեխնիկա՝ մեզանից շատ ու մերինից հզոր, և՞ , ի՞նչ եղան այդ տեխնիկաները: Այդ տեխնիկաների մի մասը գեներալ Բաբայանի նման հրամանատարների շնորհիվ անցան մեզ, մյուս մասը տեղում ոչնչացան:
Այդ ամենը կատարվեց զինվորների մարտական ոգու շնորհիվ, պարոն Բաբայանի ու մնացած զինվորների շնորհիվ: Հիմա էլ Բաբայանի ու մնացած կռված տղերքի մարտական ոգին բարձր են պահում նրանց որդիները:
Պարոն Բաբայանը շատ լավ գիտի մեր բանակի թերությունները ու շատ ճիշտ խորհուրդ է տալիս, որ պետք է թիկունքի զորքերի հաշվին ամրապնդենք սահմանը, որ ապրիլյան մարտերի ժամանակ դիվերսիոն հարձակումները վերացան այն պատճառով, քանի որ կամավորները լռացրել էին բաց տեղերը ու թշնամին չէր կարող ոչ մի տեղից , ոչ մի գործողություն կատարել: Թիկունքային զորամասերի հաշվին մենք պետք է ամրացնենք սահմանի բաց տեղերը և դա վերջ կդնի ցանկացած տիպի դիվերսիայի:
Համաձայն եմ զինվորական տեխնիկայի մեծ դերի հետ, բայց՝ իմ համեստ կարծիքով, պատերազմի ելքը որոշում է զինվորի մարտական ոգին, այլապես Ադրբեջանը , զուտ միայն տեխնիկայի առումով, հաստատ այս 25 տարիների ընթացքում վաղուց գրավել էր Արցախը, բայց ինչպես նշեց գեներալ Սամվել Բաբայանը ՝ ապրիլյան մարտերի ժամանակ ունեցած փոքր հաջողությունը անակնալ էր անգամ նրանց համար, այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը դեռ վստահ չի սեփական զորքի մարտունակության վրա:
Աշոտ Ասատրյան