Ապրիլյան չորսօրա պատերազմից հետո հանության տրամադրություններում էմոցիոնալ պահը տեղի է տալիս և ստեղծված իրավիճակում սթափ դատելու մոտիվներ են սկսում նկատվել: Մասնավորապես, ակտիվ քննարկումների առարկա են դառնում այն հարցերը, թե ինչ դասեր պետք է քաղել ապրիլյան պատերազմական զարգացումներից, ինչ քայլեր են անհրաժեշտ պետության անվտանգության ապահովման ամրապնդման համար:
Նախ խոսվում է, որ պետք է խթանել ռազմական ոլորտի զարգացումը: Սակայն նշենք, որ ռազմական տեսանկյունից Հայաստանի հզորացումը և առաջընթացն ուղղակիորեն փոխկապակցված է ՀՀ տնտեսության զարգացման և գրանցված աճի հետ, քանի որ տնտեսական հնարավորությունն է, որի վրա կարող է հիմնվել նաև տնտեսության ռազմական ուղղությունը: Այսպիսով' պետության անվտանգության մակարդակը և ապահովման հնարավորությունները բարձրացնելու համար առաջին հերթին պետք է մտածել երկրի տնտեսության աճի և ընդլայնման մասին:
Նախորդ տարի գնահատականեր էին հնչում, որ 2016թ-ին ՀՀ տնտեսությունը կունենա շատ համեստ' մոտ 2 տոկոսի հասնող աճ, սակայն 2016թ-ի առաջին ամիսներից սկսած տնտեսության աճի այլ պատկեր է նկատվում: 2016թ-ի առաջին եռամսյակում, ԱՎԾ-ի տվյալների համաձայն, գրանցվել է 4,4 տոկոս տնտեսական աճ, ինչը կանխատեսվածից բարձր ցուցանիշ է:
Այս ցուցանիշը հաշվի առնելով' ԿԲ-ն կանխատեսում է, որ ՀՀ տնտեսական աճը 2016թ-ին կգտնվի 2,7-3,6 տոկոս միջակայքում: Սույն տարվա տնտեսական վիճակի բարելավման տեսանկյունից որոշակի ազդեցություն կունենա հուլիսի 1-ից Հայաստանում գազի սակագինը նվազումը 6 տոկոսով, որից էլ կածանցվի էլէներգիայի որոշակի չափով էժանացումը: Ենթադրվում է' այս ամենն իր հետ կբերի նաև մի շարք ապրանքների և ծառայությունների որոշակի էժանացում, որն էլ կազդի արտահանման տեմպերի վրա: Սակայն պետք է փաստել, որ տնտեսության վրա ազդող այս գործոնը բավարար չէ' անհրաժեշտ է աշխատանք տանել նաև մյուս ուղղություններով առաջընթաց ապահովվելու համար' զարկ տալ տեղական արտադրությանը, ներգրավվել արտասահմանյան ներդրումներ, լրացուցիչ ուղիներ փնտրել արտահանման խթանման համար և այլն:
ՀՀ ներկայիս իրավիճակում տնտեսական աճի ապահովվումը դարձել է գերխնդիր, որին կարելի է հասնել հաշվի առնելով տնտեսության վրա ազդող բոլոր ազդակները, համադրելով դրանք և շարժվելով առկա զարգացումներին համապատասխան:
Նարեկ Պողոսյան