ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի կրոնական փոքրամասնությունների և ցեղերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին Արևմտյան Ատրպատական նահանգ կատարած այցի ժամանակ Փիրանշահրում հայտարարել է, որ կառավարությունը որոշում է ընդունել, որ տեղական լեզուները, մասնավորապես քրդերենը և թուրքերենը (ադրբեջաներենը - Ա.Տ.) այն տարածքներում, որտեղ կհանդիսանան բնակիչների մայրենի լեզուն, դասավանդվեն դպրոցներում: Յունեսին նշել է, որ այս նախագիծը արդեն իրականացվել է Քրդստան նահանգի դպրոցներում և անհրաժեշտ ենթակառուցվածների ստեղծմամբ աստիճանաբար կտարածվի նաև մյուս նահանգներում:

 


ԻԻՀ կառավարության որոշումից չափազանց դժգոհ են մնացել Ադրբեջանական Հանրապետությունում, որտեղ գտնում են, որ ադրբեջաներենը ոչ թե պետք է դասավանդվի որպես փոքրամասնության լեզու, այլ այն Իրանում առհասարակ պետք է ունենա «երկրորդ լեզվի» կարգավիճակ: ԱՀ քաղաքական վերլուծաբան Նիջաթ Մելիքովը նշել է, որ ադրբեջաներենը Իրանում կարող է ստանալ «երկրորդ լեզվի» կարավիճակ և աշխարհում էլ կա նման պրակտիկա, սակայն պետք է նաև հաշվի առնել «պարսկական շովինիզմը» պաշտպանող ԻԻՀ քաղաքական էլիտայի ազդեցությունը այդ խնդրի վրա:

 


Ադրբեջանական մամուլին հետևող անտեղյակ մարդը կմտածեր հիմա, որ Ադրբեջանի, օրինակ, իրանական ժողովուրդները մանկապարտեզից մինչև համալսարան թաթերենով ու թալիշերենով են սովորում, իսկ պետական որևէ միջոցառման մասնակցելուց ներկայանում են ադրբեջաներենի թարգմանիչներով, քանի որ իրենց մայրենիից բացի ուրիշ լեզվով չեն խոսում Ադրբեջանում: Հա, ու մեկ էլ անտեղյակ մարդը սրանց գրածներից կմտածեր, որ ի տարբերություն ըստ ադրբեջանական եզրաբանության «շովինիստ պարսիկների»' ադրբեջանցիները աշխարհի «ամենատոլերանտ» ժողովուրդն են:

 

 

Արտյոմ Տոնոյան