Հողային ցանկացած զիջում, բնականաբար, անընդունելի է: Ոչ միայն այն հայտնի ճշմարտության համար, որ արյունով նվաճված հողը որևիցե պայմանագրով չի վերադարձվում, այլև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը երբեք էլ չի հրաժարվելու Հայաստանին ոչնչացնելու գաղափարից, ուրեմն և նրա հետ բանակցությունն էլ անիմաստ է: Իշխանության առանձին ներկայացուցիների վերջին շրջանի հայտարարությունները, սակայն, բերում են այն տխուր եզրահանգմանը, որ տարածքային զիջումների մասին խոսակցություններն, առնվազն, քննարկվել են:
Ավելին, եթե Հերմինե Նաղդալյանին և Վահրամ Բաղդասարյանին հրապարակային նկատողություն չի արվում, նրանք դեռ շարունակում են պաշտոնավարել, ուրեմն և մտահոգություններն ավելի ռեալ են դառնում: Գրեթե նույն վիճակն էր 97-98 թթ-ին, երբ Տեր-Պետրոսյանն ու իր թիմի մի մասը զիջումների կողմնակից էին: Բայց այդ ժամանակ իշխանության ներսում կային հստակ ուժային բևեռներ, ովքեր և իրականացրին «թավշյա հեղափոխությունը», և իշխանության եկավ « պատերազմի կուսակցությունը»:
Հիմա, սակայն, իշխանության կենտրոնաձգությունը, չինովնիկների անսկզբունքայնությունն ու ագահությունը, քաղաքական դաշտի ամայացումը այն տխուր պատկերին է բերում, որ տարածքային զիջումների քաղաքական որոշման կայացման դեպքում իշխանության մեջ անգամ ներքին դիմադրության նշույլներ չեն լինի: Վախենում եմ, որ նոր արագաչափեր տեղադրելու հարցն ավելի երկար կքննարկվի...
Նարեկ Գալստյան