Ստամբուլի ամենահայտնի «Հանրապետության» հուշարձանը, որի հեղինակն իտալացի Պիետրո Կանոնիկան է, տեղադրվել է 1928թ.։ Չնայած իսլամը արգելում է արձանների կառուցումն ու տեղադրումը, հուշարձանի խորհուրդներից մեկն էլ հավատարմությունն էր Աթաթյուրքի հռչակած լայիցիզիզմին։
Հուշարձանի մի կողմը խորհրդանշում է Քեմալի գլխավորած Ազգայնամոլական շարժումը, իսկ մյուս կողմը՝ հանրապետական Թուրքիան։ Երկու կողմերի կենտրունում էլ Մուստաֆա Քեմալն է՝ մի դեպքում զինվորներին առաջնորդող, Ազգայնամոլական շարժման ղեկավար Քեմալը, մյուս դեպքում՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ, անվիճելի առաջնորդ Մուստաֆա Քեմալը, որի կողքին են իր մերձավորներ Իսմեթ Ինոնյուն և Ֆևզի Չաքմաքը։
Աթաթյուրքի, Ինոնյուի և Չաքմաքի հետևում կարելի է տեսնել Խորհրդային միության գեներալներ Միխայիլ Ֆրունզեին և Կլիմենտ Վորոշիլովին (Երկրորդ համաշխարհայինի ավարտին ստացել է մարշալի կոչում)։ 1921թ., Լենինի հրամանով, Ֆրունզեն արտակարգ և լիազոր դեսպանի լիազորություններով ժամանել է Թուրքիա։ Սերտ հարաբերություններ է ունեցել Քեմալի հետ։ Մեկնել է նաև Սաքարիա՝ թուրք-հունական ռազմաճակատ։ Վորոշիլովը նույնպես պակաս ծառայություններ չի մատուցել թուրքերին՝ Ազգայնամոլական շարժման տարիներին եղել է Թուրքիայում՝ Քեմալի կողքին, բազմաթիվ խորհուրդներ է տվել տարբեր ճակատներում տարբեր խնդիրներ լուծող Քեմալական բանակին։
Ի դեպ, «Հանրապետության» հուշարձանը կառուցվել է ժողովրդի նվիրատվությունների միջոցով, ամենամեծ նվիրատուն էլ «Հայ-թուրքական բարեկամություն» կազմակերպության նախագահ, 1935թ. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր ընտրված Պերճ Քերեսթեջյանն էր։
Հայկ Դարբինյան