Ս.թ. մայիսի 4-ին Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:
Լոռու մարզի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, ուր հաճախում է 60 երեխա, անմխիթար վիճակում է: Աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 11,5 մլն դրամ:
Եվս 12 մլն դրամ է անհրաժեշտ նույն քաղաքի շենքերից մեկի տանիքը նորոգելու, 2,7 մլն դրամ՝ Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոցի ջեռուցման և հարդարման, 8,5 մլն դրամ՝ նույն մարզի Ջուջևան համայնքում ջրի ներքին ու արտաքին խողովակաշարեր կառուցելու և 40 ջրաչափ տեղադրելու, 20 մլն դրամ՝ Ոսկևան համայնքում ասֆալտապատման և ճանապարհի վերականգնման աշխատանք կատարելու համար: Անմխիթար վիճակում է Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի խմելու ջրի մատակարարումը: Այն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջները չբավարարող ջրով և անկանոն: 6 մլն դրամ է անհրաժեշտ կառուցվող ջրագծի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այս հարցերը ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում են և լուծում կստանան գործադրի հատկացնելիք գումարներով:
Մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է հնարավորինս թեթևացնել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակչության հոգսերը՝ լրիվ կամ մասնակի փոխհատուցելով 1 հազար 650 բնակիչ-բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի, 1 հազար 551 շահառուի գազի, ինչպես նաև ջրի, գույքահարկի ու հողի հարկի ծախսը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել շուրջ 48 մլն դրամ: Այսպիսով, սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկ է ներառվում նաև Նոյեմբերյան համայնքը:
Վլադ Կարախանյան