Զինվորի մասին մտածել ու նրա համար սրտացավ լինել պետք է ոչ միայն ռազմական գործողություններ սկսելու ժամանակ, այլ նաև դրանից առաջ ու հետո: Ցանկացած մարդ, որը ապրում է Հայաստանում կամ իրեն հայ է համարում, զինվոր է:
Ձեզ՝ փողկապավոր պաշտոնյաներիդ, կարող են մեկ րոպեում լռեցնել ու մտքափոխել: Ռուսաստանը հեռվից զենքերը ցույց է տալիս՝ ուրախանում եք, աշխարհով մեկ եք լինում, բայց ուղարկում է թշնամում, ժողովրդի առաջ դուք եք ամոթով մնում ու հազար տեսակ հեքիաթներ հորինում:
ԱՄՆ-ն անուն է հանել,որ զենք չի վաճառում,բայց նույն թշնամու զորքի սպաներին լավ ուսում է տալիս, կրթում է և հետ ուղարկում: Սրանք դեռ երկու երկրներ են, որոնք փակում են ձեր բերանները: Բայց սրանցից ոչ ոք չի կարող փակել ժողովրդի բերանը, չի կարող բռնել՝ մատը ինքնաձիգի ձգանին դրած, զինվորի ձեռքը:
Հազար ու մի տեսակի թղթեր կսևացնեք, որոշումներ կկայացնեք, բայց ձեր որոշումների ու սևացրած թղթերի վերջնական որոշումը տալիս է ժողովուրդը, զինվորը:
Այս ժողովրդին բամբակի մեջ պահել է պետք, ոչ թե արագաչափերով խեղտել: Այս ժողովրդին , սեփական քաղաքում, ազատություն տալ է պետք, ոչ թե կարմիր գծերով շրջափակել: Զորացրվող զինվորի ապագայի մասին մտածել է պետք, որպեսզի մի քանի ամիս հետո չթքի վրաներդ ու գնա արտասահման ՝ աշխատելու, տուն ու տեղ պահելու: Զինվորի կողքին , զինվորին հավասար կանգնում են կամավոր զորքերը: Իսկ դուք, հա հենց դուք պարոնայք, ի՞նչ եք անում այդ կամավորների համար: Դուք պարտավոր եք այսքանից հետո, այս ամենը տեսնելուց հետո գոնե փոխեք ձեր վերաբերմունքը:
Ուշքի եկեք ու մտածեք էս ժողովրդի մասին, որոնց վրա հենվում եք սահմանային լարված դեպքերի ժամանակ: Որոնց մարտական ոգու վրա վստահ լինելու հաթաթաներ եք տալիս աջ ու ձախ: Դա ժողովրդի շնորհքն է, ոչ թե ձերը: Ցանկացած մարդ զինվոր է, զորացրվելուց հետո էլ բոլորս զինվորներ ենք ու նորմալ ապրելու իրավունք ունենք:
Աշոտ Ասատրյան