Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 5-րդ նիստում, որին մասնակցում էին ԵՏՄ վարչապետները, քննարկվել են մի շարք առանցքային հարցեր: Օրակարգի համաձայն վարչապետները խոսել են են էներգետիկ խնդիրների, նավթի ընդհանուր շուկաների ձևավորման, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի ճանապարհին խոչնդոտների վերացման ինչպես նաև Չինաստանի հետ ԵՏՄ համագործակցության զարգացման մասին:
Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը դարձել է ԵՏՄ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկը: Չինաստանը, որը ասիական տարածաշրջանում մարդկային հսկայական ռեսուրսներ և դինամիկ զարգացող տնտեսություն ունի, ԵՏՄ-ի անմիջական ցամաքային հարևանն է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ուղղություններով ստեղծել գործակցության լայն դաշտ:

 


Չինաստանի և ԵՏՄ-ի միջև արդյունավետ համագործակցության կայացումը լուրջ հեռանկար է բացում նաև Հայաստանի համար: Նախ առևտրաշրջանառության տեսանկյունից ՀՀ գործընկերների շարքում Չինաստանը ներկայումս երկրորդ տեղում է. անցած տարի ՀՀ-ից Չինաստան արտահանումը կազմել է 165 մլն դոլար, իսկ ներմուծումը' 310 մլն դոլար: ԵՏՄ-Չինաստան առևտրատնտեսական հարաբերությունների առաջընթացը լրացուցիչ հարթակ կարող է դառնալ ՀՀ-ի Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները ավելացնելու համար: Այսինքն ստացվում է, որ Հայաստան-Չինաստան կապերի զարգացման համար նոր հիմք է ստեղծվում, որը ընդգրկում է ԵՏՄ երկրների ողջ տարածքը:

 


ԵՏՄ-Չինաստան բանակցային սեղանին է դրված նաև անհրաժեշտ կոմունիկացիաների և տարանցիկ ուղիների ստեղծման խնդիրը: Խոսքը հատկապես գնում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնության մասին, որը կապելու է Չինաստանը Եվրոպային:
Նախատեսվում է, որ Մետաքսի ճանապարհի հարավային ուղիներից մեկն էլ անցնելու է Իրանով և Հայաստանով: Նոր մետաքսի ճանապարհի ուղու անցումը Հայաստանի տարածքով բխում է նաև ԵՏՄ անդամ երկրների շահերից, քանի որ առավել նախընտրելի է, որ այդ ճանապարհը անցնի միասնական ինտեգրացիոն գոտու տարածքում գտնվող երկրի տարածքով քան մեկ այլ երկրի տարածքով: Միևնույն ժամանակ Հայաստանը հնարավորություն է ստանում տրածաշրջանում դառնալու Չինաստանի համար հեռանկարային գործընկեր, որի դեպքում երկու երկրների փոխհարաբերությունների ցիկլը կարող է ընթանալ և ինտեգրացիոն մոդելի շրջանակներում և ուղղակի միջպետական հարաբերություներում և մեկը մյուսին փոխլրացնել:
Հայաստանի համար բացված հնարավորությունները հաշվի առնելով հայկական կողմի համար էական նշանակություն ունի ԵՏՄ-Չինաստան հարաբերությունների ձևավորման փուլում առանձնակի ակտիվության և նախաձեռնողականության դրսևորումը պրոցեսները արագացնելու և շահավետ հունով տանելու համար:

 

Նարեկ Պողոսյան