Որքան էլ Ռուսաստանը ճահճում խրված փորձի իր մազերից քաշելով դուրս գալ, հավանաբար չի կարողանա…
Նա իր ջղաձգումներով, իր գործողություններով ավելի է խրվելու այդ ճահճում, և որքան էլ անգամ արդուկով, սալօջախով մեղադրեն, քննադատեն, վատաբանեն Արևմուտքին, փնովեն, դատափետեն, ցույց տան ուկրաինացի կատաղած ֆաշիստ բանդերլոգներին, մայդանիստներին՝ թեկուզ առանց Ղրիմի ու Դոնբասի, մեկ է ուկրաինական գնացքն ամերիկյան շոգեքարշով և եվրոպական վագոններով արդեն շարժվել է…
ԱՄՆ-ն իր Եվրոպական արբանյակների հետ արդեն գրեթե հասնում է իր նպատակին: Ռուսաստանն այս ամենի արդյունքում ստանում է արդեն իրեն սարսափելի ատող պետությունների շղթա՝ հանձինս Ուկրաինայի, Մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի, ինչու չէ սիրատոչոր ՆԱՏՕ-ին տրվող Վրաստանի և Ռումինիայի: Թուրքիայի, Ադրբեջանի ու ղազախմազախների մասին չեմ ասում, նրանք կեղծ սիրախաղով, ատամները սրած, բայց առայժմ սեղմած սպասում են հարմար պահի, որ ներսից ու դրսից հոշոտեն ռուսներին:
Ռուսատանը հետխորհրդային տարիները՝ թալանով տարված, աննպատակ կորցրեց խրվելով կոռուպցիայի, կաշառակերության, չինովնիկական ամենաթողության, թալանի, իրավապահ համակարգի ծախվածության, խորհրդային ոճի կառավարման համակարգից չհրաժարվելու արդյունքում:
Իսկ բարեկամներին անողնաշար պահվածքի արդյունքում կորցնելուց հետո, ներկայումս ինչքան էլ միություններ ստեղծեն, հպարտանան Սիրիայով, խորհրդային ոճով համերգներ տան Պալմիրայի ավերակներում, ոչինչ չի օգնի…Զինվորական շքերթներն ու Հայրենական պատերազմի, հայրենասիրության ոգին արթնացնելու խորհրդային ոճի ագիտպրոպն էլ չի օգնի…
ԽՍՀՄ-ի նման մի օր կպայթի… Հաստատ…Միայն չեմ պատկերացնում այդ դեպքում մեր կարգավիճակն ու հետագան թուրքական-մահմեդական այս խառնարանում…
Ռոբերտ Մելքոնյան