Հայաստանում դժվար թե գտնվի մարդ, ով թեկուզ հոգու խորքում ընդդիմադիր չէ։ Ընդդիմանալն, առհասարակ, հատուկ է մարդ տեսակին։ Սակայն կա մի կետ, որից անդին դու արդեն ընդդիմադիր չես, այլ վնասակար էլեմենտ՝ քո հասարակության ու քո պետության համար։ Նման մարգինալիզացված ընդդիմադիրներին նաև անվանում են 5-րդ շարասյուն։
5-րդ շարասյան մեջ հայտված ամեն մարդ չէ, որ անպայմանորեն դավաճան է, գրանտակեր է ու գիտակցում է իր վնասակարությունը։ Ընդհակառակը՝ 5-րդ շարասյան ներկայացուցիչների մեծ մասը անկեղծորեն հավատում է, որ ինքը միակ ճիշտ ճամփան է ընտրել ու այդ իրենց քննադատողներն են դավաճան ու ապազգային էլեմենտ։
Այսպիսով, ինչո՞վ է ընդդիմադիրը տարբերվում 5-րդ շարասյան ներկայացուցչից։ Թերևս ամենապարզ ու հոդաբաշխ ձևակերպումը կլինի սա․ ընդդիմադիրը, ի տարբերություն 5-րդ շարասյան ներկայացուցչի՝ գիտակցում է, որ իր պայքարն ու ըմբոստությունը ցանկացած պարագայում պետք է ուղղված լինի իշխանության դեմ, բայց ոչ երբեք սեփական պետության ու ժողովրդի։ 5-րդ շարասյան ներկայացուցիչը կամ չի հասկանում սա, կամ էլ գիտակցաբար իր գործողություններով վնասում է պետությանն ու ժողովրդին։
Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից ու ՀԱԿ-ից ավելի թունդ ընդդիմություն թող չլինեն, բայց կրիտիկական օրերին, ընդդիմադիր այս թիմը մի կողմ դրեց իր ամբիցիաներն ու քաղաքական հայացքները, որովհետև հասկանում են, որ ընդդիմություն լինելը ինքնանպատակ չէ, այլ պայքար է՝ սեփական երկրի ավելի լավ ապագայի համար, որի տեսլականը տարբերվում է իշխանությունների տեսլականից, ու երբ կա ահռելի արտաքին վտանգ, այդ վտանգի առջև չի կարելի ջլատել ներքին ռեսուրսները։
Կոնտրօրինակ էլ ունենք։ Օրինակ՝ այսօր հայտվել եմ սեֆիլյանականների ու տարատեսակ պայքարիստների թիրախում։ Ինչո՞ւ։ Որովհետև հանդգնել էի ասել, որ Սեֆիլյանի արածն անելու բան չէր։ Ինչո՞ւ։
Որովհետև Սեֆիլյանը նախ աղավաղեց իրական պատկերը ու մատից ծծած թվեր ներկայացրեց, հետո էլ, իր այդ ամպագոռգոռ հայտարարությունով՝ դարձավ ադրբեջանական քարոզչության աստղը՝ փրկելով նրանց այն բանից հետո, երբ վերջիններս բացի ֆոտոշոփից ու անկապ տրաֆարետներից, էլ ուրիշ ոչինչ չէր կարողանում ցույց տալ, իսկ ժիրոյի թեթև ձեռքով հիմա 7 միլիոն քառակուսի մետր թիվը Ադրբեջանական մեդիայի ամենահաճախ կրկնած բառակապակցություններից է։
Հարցը մենակ սեֆիլյանականները չեն։ Ավելի լայն շրջանակ գոյություն ունի, որի ներկայացուցիչները չեն հասկանում, կամ էլ դիտավորությամբ են անում դա, բայց անում են քայլեր, գործողություններ ու հայտարարություններ, որոնք վնասից բացի, ոչ մի օգուտ չեն բերում պետությանը։ Բայց իրենց համար մեկ է, որովհետև իրենք համարում են, որ ռեժիմի դեմ պայքարել կարելի է մինչև վերջին հայ։
Ու հենց դա էլ նմաններին դարձնում է 5-րդ շարասյուն, իսկ 5-րդ շարասյան հետ նազուտուզ անելն ինքնասպանություն է։ 5-րդ շարասյունները նորմալ երկրներում արագ ու օպերատիվ արմատախիլ են արվում, ոչ թե դարձվում են մեդիաների աստղ։
Կոնստանտին Տեր-Նակալյան