Չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը 90-ականներին Ղարաբաղ էր մեկնել սրբազան պատերազմի' ջիհադի: Նրա մուջահեդինները վերջիններից են հեռացել Շուշիից: Բասաևը 2000 թ. հուլիսին Չեչնիայի լեռներում ադրբեջանցի լրագրողին հավաստիացնում էր, որ Շուշին շրջափակման մեջ ընկավ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում չկար կարգուկանոն և ղեկավարություն:

 


“Այնտեղ մնացել էին 4 մուջահեդիններ և 11 ադրբեջանցիներ: Գրեթե բոլորը լքեցին քաղաքը, բայց 15 հոգով մեկուկես օր պաշտպանում էին, իսկ 2.800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց և փախավ: Եթե մեկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետև շատերը թողնում էին նաև ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Իմ մուջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են: Շուշին պարզապես լքվեց: Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, և դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազորով և այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր մարդը կարող էր հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որևէ կազմակերպվածություն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի և ասել' դու դավաճանեցիր, դու հանձնեցիր, դու ծախեցիր: Սոսկ խոսակցություններ են: Չկար որևէ ղեկավարում, որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէր”:

 


Հետագայում Բաքուն շրջանառության մեջ դրեց վարկած, համաձայն որի հայկական ուժերը Շուշին ոչ թե գրավել են, այլ առանց կռիվների ստացել ադրբեջանական ռազմական հրամանատարության և քաղաքական իշխանության դավաճանության պատճառով: Հենց այս վարկածի շրջանակներում էր ընթանում Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևի դատավարությունը:

 

Գրիշա Աղաջանյան