Հարևան երկրի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ կողմից Ղարաբաղի ճանաչման սպառնալիքը վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը զուրկ է արտաքին քաղաքականությունից և պարզապես չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Ղարաբաղը պետք էր ճանաչել քսան տարի առաջ, և այսօր՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին օրակարգի հարց կարող էր լինել Ղարաբաղի միացումը Հայաստանին Ղրիմի կամ մի այլ տարբերակով, կարևոր չէ․․․ քանզի դա Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման միակ ելքն է․․․ Իսկ եթե կարծում եք, որ պետք է ճանաչել, ուրեմն պարզապես ճանաչեք, և վերջ։ Դա ինչ սպառնալիք է, որ ադրբեջանն էլ քիչ թե շատ վախենա․․․ Նա փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և ձգտելու է դրան թեկուզ հարյուր տարի, թեկուզ տասնյակ հազարավոր զոհերի գնով․․․

 

Բայց այս ամենը ՀՀ կառավարության համար չափազանց բարդ խնդիրներ են, քանզի խնդիրը լուծելու համար նախ պետք է հասկանալ այն։ Այս կառավարությունների համար Ղարաբաղը կարծես գլխացավանք է, որը խանգարում է նրանց վայելքներին, և որից օր առաջ փորձում են ազատվել․․․ Չեմ բացառում, որ ադրբեջանը փորձի նոր, ավելի ճշգրիտ ու ավելի հզոր զենքեր ձեռք բերել, ասում են՝ արդեն ձեռք են բերել, մանավանդ դժգոհ են նախկին զենքերից․․․ Ճիշտ է, սրանք նույնպես հնացած զենքեր են, քանզի Ռուսաստանը վերազինում է իր բանակը նորագույն զենքերով և վաճառում է հինը․․․

 

Ամեն դեպքում, այս վերջին կրակոցները իրականում զորավարժություններ են և նոր ձեռք բերված զենքերի փորձարկումներ, և հենց այս պատճառով էլ նոր բախումներն ավելի ծավալուն և ավելի վտանգավոր են լինելու․․․ Սա չի նշանակում, որ ՀՀ-ն չի ստացել կամ չունի կարգին զենքեր․․․ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե ՀՀ-ն նորագույն զենքեր էլ ունենար, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից որդեգրված անորոշ, պարտվողական մոտեցումը իր սահմանների պաշտպանության նկատմամբ, ի չիք է դարձնում այդ զենքերի և պաշտպանական, և հարձակողական նշանակությունը․․․

 

Արմեն Հարությունյան