Երբ թմրամոլը, թմրանյութի ազդեցության տակ սկսում է անհանգստացնել հարևաններին, սպառնալ նրանց կյանքին և կայքին , ապա այն մարդը, որը նրան վաճառել է այդ թմրանյութը, պետք է նվազագույնը իրեն պատասխանատու զգա, ոչ թե հայտարարի' «բիզնես եմ անում», կամ «եթե ես չվաճառեմ, ուրիշը կվաճառի» : Առավել ևս, որ այդ հարևանին' որին թմրամոլը անհանգստացնում է, վաճառող կողմը իրեն բարեկամ է համարում:

 


Երևույթը իհարկե անհանգստացնող է, բայց դեռևս ուշ չէ համապատասխան հետևություններ անելու և քայլեր ձեռնարկելու համար: Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը' որպես պետություն, միշտ էլ ամենաջերմ բարեկամակամ զգացմունքներ են տածել բարեկամ ռուս ժողովրդի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հանդեպ, և հիմա ակնկալում ենք դաշնակցի կողմից համապատասխան քաղաքական վարք:

 


Երբ սահմանին կանգնած հայ զինվորն է զոհվում, սա արդեն ոչ սոցիալական, ոչ էլ տնտեսական խնդիր է, սա հայ ժողովրդի համար ամենակարևոր և ամենացավոտ խնդիրներից է: Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունում ուշադիր հետևում ու զգում են հայ հասարակության փոփոխվող տրամադրությունները, և պաշտոնական Մոսկվան այդուհանդերձ որոշակի փոփոխություններ կմտցնի զենքի վաճառքի իր քաղաքականության մեջ:

 


Եթե Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես գտնվում է բանակցությունների մեջ և հռչակել է խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, ապա նրան ինչու՞ է պետք այդքան մեծ քանակությամբ հարձակվողական սպառազինություն: Արդյո՞ք սա մտածելու առիթ չի տալիս:

Հ.Գ. Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա. էտ թմրամոլը մի 20 տարի առաջ, քիչ թե շատ խելքը գլխին եղած ժամանակ, երբ հանդիպում էր հարևանին, ինչքան ուժ ուներ և ինչքան տեղ ուներ փախչում էր:

 

Հայկ Արամյան