Ինչպիսի՞ դերակատարություն կարող է վերապահված լինել Ադրբեջանին հակաիրանական առանցքում
Թուրքական մամուլի համաձայն' Իրանի նկատմամբ ամրապնդվում է Թուրքիա-Սաուդյան Արաբիա առանցքը, որը քայլեր է կատարում նաև Իսրայելի հետ մերձենալու ուղղությամբ: Հակաիրանական առանցքի ձևավորման լոկոմոտիվը վերցնում են Թուրքիան և Սաուդյան Արաբիան, որում փորձում են ներգրավել նաև Իսրայելին:
Իհարկե, Թուրքիան և Սաուդյան Արաբիան ակտիվ քայլեր են ձեռնարկում Իրանի տարածաշրջանային դերակատարության սահմանափակման ու նվազեցման ուղղությամբ և այդ միտումը գնալով խորանալու է:
Հետաքրքիր է այս համատեքստում ինչպիսի դերակատարություն կարող է վերապահված լինել Ադրբեջանին: Նախ, Ադրբեջանը հակաիրանական գործունեության բավական լավ փորձառություն ունի' թե Թուրքիայի, և թե Իսրայելի հետ գործակցության համատեքստում: Ադրբեջանը Թուրքիայի հակաիրանական գործունեության տեսանկյունից կարևորվում է աշխարհատնտեսական, գաղափարախոսական, ռազմաքաղաքական առումներով: Սաուդյան Արաբաիայի համար հատկապես կրոնական-գաղափարական, իսկ Իսրայելի համար' առավելապես ռազմական և հետախուզական առումներով:

 


Երկու երկրներն էլ Ադրբեջանը դիտարկում են նաև որպես հակաիրանական քաղաքականության կարևոր գործոն: Վերջին տարիներին հատկապես այդ ուղղությամբ մեծ ջանքեր գործադրեց Իսրայելը' Ադրբեջանը վերածելով, առանց չափազանցության, Իրանի դեմ թշնամական գործողությունների թատերաբեմի: Ներկայում էլ այն Իսրայելի համար հանդիսանում է Իրանի դեմ հետախուզական գործողությունների կարևորագույն կենտրոն: Իսրայեական սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին պետք է դիտարկել նաև այս համատեքստում:

 


Կարծում եմ, սպառազինության նորագույն այն տեսակները, որոնք փորձարկվեցին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, պետք է լրջորեն անհանգստացնեն նաև Թեհրանին: Բազմաթիվ փաստեր կան, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով բազմաթիվ հետախուզական թռիչքներ է իրականացրել Իրանի տարածքում: Իսկ իսրայելական հարվածային ԱԹՍ-ների փորձարկումները, կարելի է ասել, որ նոր մարտահրավեր են ստեղծում նաև Իրանի համար:

 

Լևոն Հովսեփյան