Ղարաբաղյան հակամարտության պարզ, հեշտ ու արագ իրականացվող և հակամարտ երկու կողմերին էլ բավարարող լուծումներ գոյություն չունեն։ Հակամարտ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ լինել կորցնող կողմ, իսկ հավասարարժեք շահող կողմերի տարբերակը հասկանալի է որ բացառվում է։ Հակամարտող կողմերի խաղաղ գոյակցության միակ քիչ թե շատ խելամիտ տարբերակը ստատուս քվոյի պահպանումն է որը նույնպես իրատեսական չէ ինչպես համոզվեցինք այս վերջին արյունահեղության բռնկման ժամանակ։
Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել։

 


Իմ համեստ կարծիքով կողմերից մեկը պիտի դիմի մի համարձակ քայլի ինչի օրինակը մենք տեսանք Վրաստանի դեպքում։ Այդ երկիրը համարձակ կերպով հրաժարվեց իր երկու ապստամբ նահանգներից դրա փոխարեն որդեգրելով խիստ ու որոշակի արտահայտված Արևմտամետ կողմնորոշում և Եվրոպական երկրների ընկերակցությանը ինտեգրումը։ Վրաստանը հասկացավ որ ապստամբ երկու մարզերը հնազանդեցնելը իր երկրի ուժերից վեր է և այդ ուղղության վրա սևեռումը երկրին կտանի դեպի քաղաքական ու տնտեսական մեկուսացման, սննկացման ու կործանման։ Տարածքային կորուստները Վրաստանը փոխհատուցեց հսկայական քաղաքական ձեռքբերումներով և այսօր ազատ ու հանգիստ իր համար կառուցում է իր երկրի ապագան Եվրոպայի ազատ երկրների ընկերակցությամբ։

 


Ադրբեջանը Վրրաստանի նման ընտրության լիարժեք հնարավորություն ունի իսկ ցավոք սրտի Հայաստանը զուրկ է նման հնարավորությունից որովհետև բարոյական, քաղաքական և մարդկային ոչ մի իրավունք չունի հրաժարվելու իր ժողովրդի մի հատվածից հանուն իր բարօրության։ Արցախը մեր միս ու արյունն է ու մենք չենք կարող մեզ անդամահատել։
Ես հույս ունեմ որ Ադրբեջանը կհասկանա այս պարզ թվաբանությունը և ճիշտ ընտրություն կկատարի հրաժարվելով Արցախահայությանը իր տիրապետության տակ ուժով վերադարձնելու անհեռանկար քաղաքականությունից։ Ընտրելով Եվրոպական կողմնորոշում և վերջնականապես ու անվերադարձ ազատագրվելով ռուսական ենթակայությունց նա իր մեծ եղբոր հետ միասին կինտեգրվի եվրոպական հանագործակցության շրջանակներում։ Նրանց ապագան Եվրոպան է, իսկ մենք էլ մեր Արցախի հետ թող որ մնանք այս աղքատ ու խավար Ասիայում մինչև մի լույս էլ մեր համար կբացվի։
Բարի ճանապարհ քեզ <<հարգելի>> Ադրբեջան դեպի հարուստ ու լուսավոր Եվրոպա։ Դու միայն դրան ես արժանի։ Արցախին էլ այդպես պատժի ու հետդ մի տար Եվրոպա թող նախանձով նայի թե դու ինչպես ես Եվրոպաներում ջենեթվում։

 

Համլետ Աբրահամյան